Apr 26, 2011

«Առավոտ». Ընդունելության քննության թեստերն այս տարի հեշտացվել են

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ ինչպես եւ ակնկալվում էր, այդ տարի դիմորդները սակավաթիվ են` հայտագրման առաջին փուլում` ընդամենը 1209: Պատճառը հայտնի է բոլորին` շրջանավարտներ չկան եւ քննություններն էլ անցկացվելու են նախորդ տարվա շրջանավարտների համար: Նա տեղեկացրել է, որ, օրինակ, հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունը, որ սովորաբար ամենախոշորամասշտաբն է, այս տարի կմասնակցի ընդամենը 609 հոգի, անցյալ տարվա 11 162-ի փոխարեն: Մաթեմատիկայից քննություն կհանձնի 544 շրջանավարտ, նախորդ տարվա 9 290-ի փոխարեն եւ այսպես շարունակ: Իսպաներենից էլ քննություն է հանձնելու ընդամենը մեկ հոգի, իսկ 2010-ին այս առարկայից քննություն հանձնողները 18-ն են եղել: «Քննություններին նախապատրաստվել ենք դեկտեմբեր ամսից, հանձնաժողովներ ենք ձեւավորել, որոնք կաշխատեն ընդունելության քննությունների թեստերի վրա, մեծ մասը պարտաճանաչ հասցրել է ժամանակին կատարել այդ աշխատանքերը եւ արդեն նախնական թեստերը մենք ունենք»,-ասել է ԳԹԿ տնօրենը:

Հարցին, թե ի՞նչ բարդության են լինելու թեստերը, նա պատասխանել է. «Քանի որ այս տարի դիմորդների թիվը քիչ է, նաեւ բուհերը խնդիր ունեն համալրելու իրենց կազմը, այսինքն` սոցիալական խնդիր կա լուծելու, փորձելու ենք այնպես անել, որ այս ընդունելությունը մի քիչ հեշտանա: Հաշվի առնենք, որ այդ դիմորդների մի մասը բանակ զորակոչվելուց հետո է գալիս եւ արդեն հասցրել է ինչ-որ բաներ մոռանալ կամ եթե նախորդ տարիներին չի ընդունվել, ուրեմն այդքան ուժեղ չի եղել: Թեստ գրողներին պատվերն այսպիսին է եղել` կազմել թեստեր, որպեսզի անցողիկ շեմը, խոսքը վերաբերում է 7,5-8 միավորին, հեշտ հաղթահարելի լինի, բայց միաժամանակ պահպանվի նախորդ տարիների ոգին: Անցողիկ շեմի հեշտ լինելը ինչ-որ առումով պայմանական է, որովհետեւ, եթե դիմորդը թույլ է, որքան էլ փորձես մատչելի թեստ կազմել, այդ մատչելին էլ կարող է իր համար հաղթահարելի չլինել»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites