Apr 28, 2011

Էմմին հրավերի դեպքում համերգներով հանդես կգա նաեւ Ադրբեջանում

ն«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանը ներկայացնող Էմմին դեմ չէ մրցույթի շրջանակներում համերգներով եւ փրոմոտուրերով հանդես գալ նաեւ Ադրբեջանում, եթե այդ երկրից, իհարկե, համապատասխան հրավեր ստանա։ Այս մասին հայտնեց ինքը՝ երգչուհին՝ անդրադառնալով «Կոմսոմոլսկայա Պրավդա-Ուկրաինա»-ի հրապարակմանը, որում «Եվրատեսիլ-2011»-ի ադրբեջանցի մասնակիցներ Էլը (Էլդար Գասիմով) եւ Նիկկին (Նիգյար Ջամալ), պատասխանելով հարցին, կայցելեի՞ն արդյոք Երեւան, եթե մրցույթը կայանար Հայաստանում, պատասխանել են. «Մենք միշտ էլ հրավերների ենք սպասում բոլոր երկրներից: Երաժշտությունը, մշակույթը ազգության հարց չեն: Մենք ուրախ կլինենք մասնակցել համերգների ամենուրեք»:

Երգչուհու խոսքով, երաժշտությունը ո՛չ քաղաքականություն, ո՛չ ազգություն, ո՛չ էլ ուրիշ հանգամանքներ չի ճանաչում։ «Ինձ այդ առումով ոչ մի բան չի խանգարում, որովհետեւ քաղաքականությամբ երբեք չեմ հետաքրքրվել։ Եթե Ադրբեջանի եվրատեսիլյան պատվիրակության կողմից համերգներով հանդես գալու հրավեր լինի, չեմ մերժի առաջարկը։ Դա չի նշանակում, որ ես հայրենասեր չեմ, չեմ սիրում եւ հարգում իմ հայրենիքը, արհամարհում եմ նրան։ Հակառակը, իմ շատ արարքներով տարիներ շարունակ զինծառայողների եւ ոչ միայն նրանց համար երգելով՝ ծառայել եմ իմ հայրենիքին։ Եթե ես համերգներով մեկնեմ Ադրբեջան, չի նշանակում, որ որեւէ բան կփոխվի։ Մի շատ լավ ֆիլմում ասվում է՝ «Մուզիկանտ պոլիտիկա նիխտ», ես հենց այդպես էլ պատասխանում եմ։ Բացի այդ, իմ ծնողներից բազմիցս լսել եմ, որ իրենց ժամանակներում ադրբեջանցի երգիչների եւ արվեստագետների հետ համագործակցության շատ դեպքեր են եղել։ Քաղաքականության հետ կապված որեւէ հանգամանք նրանց այն ժամանակ էլ չի խանգարել»,- պատմեց Էմմին՝ ավելացնելով, որ իրեն ոչ մի բան չի կարող խանգարել ասելու, որ անկախ ազգությունից այս կամ այն մարդը լավ երաժիշտ է։

«Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն իր հերթին ավելացրեց, որ եթե ադրբեջանցի արտիստները մրցույթի շրջանակներում Երեւան գալու եւ համերգներ ունենալու ցանկություն հայտնեն, ապա իրենք դեմ չեն լինի ընդունել նրանց։ «Երգիչներն են ցանկություն հայտնում գնալ այս կամ այն երկիր, այնպես որ, թող իրենք ցանկություն հայտնեն, մենք էլ սիրով կընդունենք իրենց։ Մենք տարբերություն չենք դնի մրցույթի մասնակիցների միջեւ։ Ցանկացած հյուր, ով մրցույթի շրջանակներում ցանկանում է գալ մեր երկիր, այստեղ նորմալ ընդունելություն կգտնի»,- հավաստիացրեց Գասպարյանը։

Նշենք, որ մայիսի 10-14-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվելիք «Եվրատեսիլ 2011»-ին երգչուհի Էմմին հանդես կգա «Boom-Boom» երգով։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites