Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիճակը լավ է: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին, ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհին առայժմ շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, իսկ թե երբ նրան կտեղափոխեն պալատ, առայժմ հայտնի չէ:
Ինչպես հայտնի էր, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ, Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:
Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:
Apr 30, 2011
Նազիկ Ավդալյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
5:22 PM
Նորություններ Հայաստանից