Apr 19, 2011

Ձու արտադրողները կրկին խոստանում են` ձուն Զատկի նախօրեին չի թանկանա

Հայաստանի խոշորագույն թռչնաֆաբրիկաները վստահեցնում են, որ Զատկի տոնի (այս տարի այն կնշվի ապրիլի 24-ին) հետ կապված ձուն Հայաստանում չի թանկանա: «Արաքսը», Երեւանի ու Արզնիի թռչնաֆաբրիկաները այդ հավաստիացումները տվել են Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանին, ինչի մասին նա այսօր` ապրիլի 19-ին հայտարարեց մամուլի ասուլիսում, իսկ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը հարկ համարեց այդ մասին լրագրողներին ասել նույնպես ասուլիսի միջոցով:

Նշենք սակայն, որ Ամանորի նախօրեին մի քանի անգամ նմանատիպ հայտարարություն կատարեց Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը, սակայն հենց այդ թռչնաֆաբրիկայի մանիպուլյացիաների շնորհիվ ձուն եռակի թանկացավ (համենայնդեպս` դա է ցույց տալիս տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարույթը):

Ըստ Մ. Հակոբյանի` հնարավոր է առաջիկա շաբաթվա ընթացքում ձվի ոչ մեծ դեֆիցիտ առաջանա, սակայն այդ բացը կլրացվի ներկրումների հաշվին:

Արդեն իսկ թռչնաֆաբրիկաներից մի քանիսը պայմանավորվածություններ ունեն մոտ 1 մլն հատ ձու ներկրելու մասին:

Նշենք, որ Հայաստանում տարեկան իրացվում է մոտ 700 մլն հատ ձու, այսինքն` օրական` 1.9-2 մլն հատ ձու: Զատկի տոներին եւ Ամանորի նախօրեին ձվի նկատմամբ օրական պահանջարկը կրկնապատկվում կամ եռապատկվում է: Ուստի եթե իրոք դեֆիցիտ առաջանա` 1 մլն հատ ձուն հազիվ թե իրավիճակը էապես շտկի:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites