Անցյալ հինգշաբթի հարյուրավոր հայեր հավաքվել էին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA), մեծ մտահոգությամբ լսելու Հասան Ջեմալին` հայ ժողովրդի երեք գլխավոր դահիճներից մեկի` Ջեմալ փաշայի թոռանը: «Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ. զրույց Հասան Ջեմալի հետ» խորագիրը կրող այս բացառիկ և վիճահարույց միջոցառումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Ասպետներ»ը: Այս մասին ավում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի «Ջեմալ փաշայի թոռն ասաց Ցեղասպանություն, իսկ Մnրգենթաուի ծոռը` ոչ» հոդվածում: Նրա խոսքերով, այդ երեկո ամենացնցողն այն չէր, թե ինչ ասաց Ջեմալը, այլ այն, թե ինչ չասաց մյուս բանախոսը` դոկտոր Պամելա Սթայները`դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը:
Milliyet» օրաթերթի սյունակագիր Ջեմալն անմիջապես շահեց թերահավատ լսարանի վստահությունը, ասելով. «Ես եկել եմ այստեղ իմ սիրտն ու միտքը ձեր առջև բացելու.... Ես գիտեմ ձեր ցավը, Ցեղասպանության ձեր վիշտը, Մեծ եղեռնի ձեր վիշտը»: Անտեսելով Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որն արգելում է Հայոց ցեղասպանություն եզրն օգտագործել, նա իր ելույթի ընթացքում մի քանի անգամ խիզախորեն կրկնեց այդ խոսքերը: Նա միաժամանակ դատապարտեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը, այն անվանելով մեղսակցություն ոճրագործության մեջ»:
Ջեմալը պատմեց 2008 թվականին Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած իր շատ հուզիչ այցելության մասին, որտեղ նա մեխակներ էր դրել իր մտերիմ ընկերոջ` լրագրող Հրանտ Դինքի հիշատակին, որին թուրք ծայրահեղականները սպանել էին Ստամբուլում: Երևան կատարած այցելության ժամանակ նա ցնցող մի հանդիպում էր ունեցել Արմեն Գևորգյանի հետ, այն վրիժառուի թոռան, որը 1922 թվականին սպանել էր նրա պապուն` Ջեմալ փաշային: Ջեմալը ներկայացրեց Թուրքիայում վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը»,-ասվում է հոդվածում: Ինչպես գրում է Հարութ Սասունյանը, մինչ Ջեմալն իր անկեղծ ելույթով լավ տպավորություն թողեց լսարանի վրա, դոկտոր Սթայները հիասթափեցրեց ներկաներին` անդրդվելիորեն և միտումնավոր հրաժարվելով օգտագործել ցեղասպանություն բառը: Դրա փոխարեն նա կիրառեց թուրքական ժխտողական տերմինաբանությանը բնորոշ այնպիսի բառեր, ինչպիսիք են` «ողբերգություն», «տառապանք» և «1915 թվականի իրադարձություններ»: Որպես Միջհամայնքային վստահության կերտման ծրագրի տնօրեն նա խոսեց «հայերի և թուրքերի միջև վստահության կերտման հնարավոր քայլերի» մասին: Նա ապշեցրեց լսարանին, խնդրելով որ հայերն ընդունեն, թե «թուրք ժողովուրդը սարսափելիորեն տուժել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ... կարիք ունի և արժանի է դրա ճանաչմանը»: Չբավարարվելով այս վրդովեցուցիչ խնդրանքով, նա շարունակեց, հորդորելով հայերին մտածել թուրքական տառապանքների ճանաչման մասին, նախքան իրենց տառապանքների համար ճանաչում ստանալը»:
Հարց ու պատասխանի ժամանակ, երբ ես մատնանշեցի այն զավեշտալի հակասությունը, երբ Ջեմալ փաշայի թոռը ազատորեն օգտագործում է Հայոց ցեղասպանություն եզրը, մինչդեռ դեսպան Մորգենթաուի ծոռը` ոչ, դրան հետևեց դոկտոր Սթայների ոչ համարժեք պատասխանը: Նա արդարացավ, ասելով, որ «միջնորդի» դեր է կատարում` «հաշտեցման» ձգտելով հայերի և թուրքերի միջև:
Բանավեճի վերջին մասնակիցը` պրոֆ. Հովհաննիսյանը Հասան Ջեմալին ասաց, որ հայկական մեծ լսարանը հավաքվել է նրան լսելու ոչ թե որպես թուրք լրագրողի, այլ որպես Ջեմալ փաշայի թոռան: Նա բացատրեց, որ թուրք ոճրագործների մտայնության ըմբռնումը չի կարող որևէ կերպ արդարացնել նրանց գործողությունները: Նա բոլորին նախազգուշացրեց կանխամտածված ոչնչացման հետևանքով հայերի կրած տառապանքները չհավասարեցնել թուրքերի` պատերազմից կրած տառապանքների հետ: Նա շեշտեց, որ հայերը ոչ միայն ճանաչում են պահանջում, այլ, որն ավելի կարևոր է` իրենց բռնագրավված ունեցվածքի վերականգնումը: Նա կոչ արեց Թուրքիայի կառավարությանը` Պոլսո Հայոց Պատրիարքարանին վերադարձնել Թուրքիայում գտնվող հարյուրավոր հայկական եկեղեցիները: Վերջում, որպես դոկտ. Սթայներին ուղղված ակնարկ, պրոֆ. Հովհաննիսյանը շեշտեց, որ «հաշտեցումը» պահանջում է «զղջում արարքի համար»: Նրա ելույթն ընդունվեց հոտնկայս ծափահարություններով»,-գրում է Հարութ Սասունյանը:
Այդ երեկո Ջեմալի միակ տհաճ խոսքը` Թուրքիայից հայկական հողերը վերադարձնելու պահանջատիրության մերժումն էր: Չնայած, զարմանալի չէ լսել մի թուրքի, անկախ այն բանից, թե որքան հանդուրժող է նա, որը պաշտպանում է իր երկրի ամբողջականությունը: Այնուամենայնիվ, նա հաստատեց, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայերից և փոխհատուցում վճարի նրանց:
Մյուս կողմից, դոկտ. Սթայներին, որպես ամերիկացի հրեայի և դեսպան Մորգենթաուի անմիջական ժառանգի, չի կարելի արդարացնել ցեղասպանության եզրը օգտագործելուց համառորեն հրաժարվելու համար, չնայած նրա բարի մտադրությունների ինքնախոստովանությանը: Չի կարելի չեզոք դիրք գրավել զոհի և դահիճի միջև: Նա պետք է ուշադրություն դարձնի Հոլոքոստը վերապրած և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիսելի հետևյալ իմաստուն խոսքերին. «Չեզոքությունը օգնում է կեղեքիչներին, բայց ոչ երբեք զոհին»: Եվ ինչպես կարող է նա հաշտեցնել երկու ժողովուրդների, առանց դահիճից հատուցում պահանջելու այն բանի համար, որ նրա նախապապն անվանել էր «Մի ազգի սպանդ», գրում է Հարութ Սասունյանն իր հոդվածում: