Apr 4, 2011

«Եվրատեսիլ»-ի բեմում «Boom-Boom»-ի բեմադրությունը պատրաստելու է մեկ այլ Էմի

Մայիսին Դյուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին պատրասվում է յուրահատուկ բեմադրության, տեղեկացնում են կազմակերպիչները և նշում, որ հատուկ այդ առիթով Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հրավիրել է Հունաստանի պրոֆեսիոնալ բեմադրող պարուսույց Էմի Զարյանին և Հունաստանի լավագույն պարողներին:

«Եվրատեսիլ 2011»-ի երգի մրցույթի կայքէջից տեղեկանում ենք, որ ազգությամբ հայ Էմի (Արմինե) Զարյանը վերջերս է այցելել Երևան` մասնակցելու Եվրատեսիլի Հայասանյան բեմադրության նախագծման աշխատանքներին: Ըստ աղբյուրի, Եվրատեսիլի պատմության մեջ նա նոր մարդ չէ. 2007-ին նա բեմադրել է հույն երգիչ Սարբելի «Յասսու Մարիա» երգը, իսկ 2010-ին Գիորգոս Ալկաիոսի «Օպա»-ն: Նա աշխատում է հույն հայտնի երգիչների հետ, ինչպիսին են Հելենա Պապարիզուն, Դեսպինա Վանդին և այլոք:
«Շատ անակնկալներ կլինեն բեմում: Ես խոստանում եմ, որ Էմմիի ելույթից հետո բոլորը կխոսեն մեր շոուից, բեմադրությունից»,- ասել է Էմի Զարյանը:

Բայց մինչ մրցույթը, Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Էմմին պատրաստվում է փրոմո-արշավի. նա լինելու մի շարք երկրներում և ներկայացնելու է Հայաստանի երգը: Իսկ ահա ապրիլի 20-21-ին Հայաստանի պատվիրակության անդամները կայցելեն Աթենք փրոմո-արշավի, որից հետո խորեոգրաֆի և պարող տղաների հետ միասին կվերադառնան Հայաստան` անցկացնելու վերջին փորձերը Դուսելդորֆ մեկնելուց առաջ:

Օրերս Էմմին հայտարարել էր, որ շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատել «Boom-boom»-ի տեսահոլովակը (ռեժիսոր` Հրանտ Երիցկինյան), որտեղ ինքը հանդես կգա աշխարհահռչակ մարզիկ, բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites