Հայաստանն ու Չինաստանն ունեն դարավոր պատմություն եւ մարդկային քաղաքակրթության մեջ մեծ ներդրում, եւ պետք է անել հնարավոր ամեն ինչ բարեկամական կապերի շարունակական ամրապնդման համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ապրիլի 12-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը, այդ իսկ պատճառով` Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը: «Վստահ ենք, որ մեր կուսակցությունների միջեւ հաստատված ամուր կապերը մեծապես կնպաստեն նաեւ հայ-չինական միջպետական հարաբերությունների զարգացման գործին»,-իր խոսքում ընդգծել է ԲՀԿ նախագահը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են դեռեւս 2008 թվականին կայացած հանդիպմանը, որտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել առավել խորացնել համագործակցությունը միջկուսակցական մակարդակներում, ինչպես նաեւ նախաձեռնել քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ ագրարային համագործակցությանը նպաստող միջոցառումներ:
Լի Չանչունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հրավիրել է պատասխան պաշտոնական այցով հյուրընկալվել Չինաստանում: