
-Սրտանց շնորհավորում եմ կանանց Մայրության և գեղեցկության գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ անսահման երջանկություն և սեր: Հայաստանի Հանրապետության այս տոնը կրկնակի խորհուրդ ունի, այն առնչվում է մեր քրիստոնեական հավատքին և արմատներին: Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետումը, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում տոնին: Ապրիլի 7-ը մեր ընտանեկան արժեքները մեկ անգամ ևս վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու օրն է: Այսօր մենք ձեզ փոխանցում ենք մեր սերը` հայտնելով մեր գնահատանքն ու երախտագիտությունը: Զավակները երբեք չեն կարող վարձահատույց լինել իրենց ծնողներին, սակայն մշտապես պիտի գիտակցեն, որ իրենց խաղաղությունը, ձեռքբերումները, իրենց ընտանիքների լուսավոր ու կայուն ապագան մայրերի ամենամեծ երջանկությունն են: Եղե՛ք առողջ ու երջանիկ, եղե՛ք ամուր թիկունք մեր երկրին, որպեսզի ձեր սերն ուժ տա բոլորիս միասին կերտելու հզոր երկիր` քայլ առ քայլ իրականություն դարձնելով մեր երազանքի Հայաստանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: