Apr 9, 2011

Սփյուռքի փոխնախարարը զրպարտիչ է համարում մշակույթի նախկին նախարարին

Հայաստանի սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը զրպարտություն է որակում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, Մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանի` «փողեր լվանալու» մասին արած հայտարարությունը:

Թամարա Պողոսյանը նախօրեին նշել էր, թե սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը 2010թ. ապրիլին համահայկական համաժողովներից մեկի անցկացման մեխանիզմ է առաջարկել իրեն, ինչը ոչ այլ ինչ է, քան «փողեր լվանալու դասական մեխանիզմ»:

Ըստ Պողոսյանի` Ֆիրդուս Զաքարյանը իրեն առաջարկել էր ստորագրել մի պայմանագիր, որով համաժողովի կազմակերպման նրա գործառույթները կփոխանցվեին երրորդ կազմակերպությանը:

Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում այսպես է արձագանքել Թամարա Պողոսյանի պնդումներին. «Ես չեմ ուզում չհիմնավորված, մտացածին բաների մասին խոսել կամ մեկնաբանել: Ես կարող եմ ասել, որ սա շանտաժ է եւ զրպարտություն: Մենք պետք է փաստերով խոսենք, անհիմն մեղադրանքներին ի՞նչ պատասխանեմ: Ես կարծում եմ, որ տիկին Պողոսյանը պետք է պատրաստ լինի համապատասխան վայրում ապացուցել իր մեղադրանքները եւ պատասխանատվություն կրել իր զրպարտանքի համար»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites