Եթե կաթողիկոսը պետք է գա Թբիլիսի եւ Ջավախքով չանցնի, ապա նրա գալն իմաստ չունի, հատկապես, եթե չի բարձրանալու Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի, որն, ինչպես գիտեք, վրացականացման շեմին է. մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ է հայտնել Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը: Կաթողիկոսի այցելության ձգձգման պատճառներից մեկը նա պայմանավորել է հենց այդ հանգամանքով: «Հայ առաքելական եկեղեցուն Վրաստանում պետք է իրավական կարգավիճակ տրվի, քանի որ հայ եւ վրաց եկեղեցիները եղբայրական եկեղեցիներ են»,- նշել է նա:
Նույն խորհրդի անդամ, «Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանն էլ անդրադարձավ խորհրդային միության փլուզումից ի վեր Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների` Սամցխե-Ջավախքում առանձին թեմ ունենալու խնդրին: Բանախոսը, սակայն, ցավով նշեց, որ Խրիմյան Հայրիկից հետո առ այսօր դեռ ոչ մի կաթողիկոս Ջավախք չի այցելել: Անդրադառնալով հայկական եկեղեցիների վերադարձման խնդրին` Վ. Արաբյանը նշեց, որ, թեպետ Ջավախքում այժմ գործում է առաջնորդական փոխանորդություն, սակայն եկեղեցիների վերադարձման խնդիրը կախված է Հայ առաքելական ու Վրաց ուղղափառ եկեղեցիներից: «Վիրահայության հիմնական զանգվածն ապրում է Ջավախքում, բայց այստեղ համարյա եկեղեցիներ չկան, 3-4 եկեղեցի է միայն գործում: Գյուղերում էլ հին եկեղեցիները վերականգնելու խնդիր կա, որի համար միջոցներ են պետք»,- հավելեց Վ. Արաբյանը:
yerkir.am