Apr 4, 2011

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել հերթական լրատվամիջոցին. Այս անգամ դա «Հրապարակ» թերթն է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական դատական հայցն է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: Այս անգամ հայցը ներկայացվել է «Հրապարակ» թերթի դեմ: Քոչարյանը թերթից 6 մլն դրամ է պահանջում` իր պատիվն ու արժանապատվությունն արտավորելու համար:

Խոսքը փետրվարի 15-ի համարում հրապարակված հրապարակախոսական բնույթի «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» վերտառությամբ հոդվածն է, որն, ըստ Քոչարյանի եւ նրա փաստաբանների, պետք է հերքվի:

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավար Էդիկ Ավետիսյանը մարտի 28-ին վարույթ է ընդունել հայցը եւ այսօր ծանուցել «Հրապարակ»-ին: Քոչարյանն իր հայցով երեք պահանջ է ներկայացրել` հերքել հոդվածը, գանձել 6 մլն դրամ տուգանքը (3 մլն դրամ որպես տուգանք, եւս 3 մլն դրամ` փաստաբանական վճար), նաեւ արգելանք դնել թերթի գույքի եւ դրամական միջոցների վրա: Դատավորն արդեն արգելանք է դրել գույքի եւ բանկային հաշիվների վրա, իսկ դատական առաջին նիստը կայանալու է մայիսի 10-ին:

Արմինե Օհանյանը ակնհայտ ապօրինի որակեց դատական հայցը: «Դա հրապարակախոսական հոդված է, որտեղ լրագրողը ներկաայցրել է իր դիտարկումները: Հերքելու որեւէ բան չկա այդ հոդվածում: Սա ուղղված է մարդու կարծիք ունենալու իրավունքի դեմ, որպեսզի որեւէ մեկը չհամարձակվի քննադատել նրա նախագահության 10 տարիները»,- նշել է խմբագիրը:

Արմինե Օհանյանը նշեց նաեւ, որ հայցը ներկայացվել է սահմանված ժամկետից ուշ, Քոչարյանը լիազորագիր է տվել իր փաստաբանին ոչ վավերական, ժամկետանց անձնագրով, հստակ չէ, թե հոդվածի որ որակումն են ցանկանում հերքել եւ այլն:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախկինում դատի էր տվել նաեւ «Հայկական ժամանակ» թերթին, իսկ այժմ էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քոչարյանների հայցը «Ժամանակ» թերթի դեմ:


NEWS.am

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites