Apr 7, 2011

Կարեն Կարապետյանը կոչ է անում երևանցիներին ակտիվ մասնակցել գալիք շաբաթօրյակին


Երևանի քաղաքապետարանը ապրիլի 9-ը և 16-ը հայտարարում է համաքաղաքային ծառատունկի և բարի ավանդույթ դարձած շաբաթօրյակի օրեր: 
 -Մաքուր, բարեկարգ ու կանաչ քաղաք ունենալը բոլորիս ցանկությունն է և միաժամանակ բոլորիս պարտականությունը: Մենք միասին գործով կարող ենք ցույց տալ մեր սերն ու հարգանքը քաղաքի հանդեպ: Վստահ եմ` ում հարազատ է Երևանը, կմիանա մեզ: Քաղաքային միջավայրը պետք է առանձնանա իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով: Այստեղ յուրաքանչյուրիս լուման կարևոր է: Քաղաքը, մեր շրջակայքը մաքրելու, միասնական ծառատունկին մասնակցելու համար, վստահ եմ հազարավոր երևանցիներ են արձագանքելու,- նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետը բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, բանկերին, խանութներին, ավտովառելիքի կայաններ շահագործողներին, մասնավոր տների հատվածին, նաև միջազգային կառույցներին հորդորում է մաքրել ու կանաչապատել իրենց հարակից տարածքները: 
 -Խնամված ու բարեկարգ վիճակը մեզանից յուրաքանչյուրի և ընդհանրապես քաղաքի դեմքն է: Կոչ եմ անում բոլոր երևանաբնակներին` մասնակցել այս համաքաղաքային միջոցառմանը. ծառատունկը դարձնենք տոն ու այդ տոնը նվիրենք մեր քաղաքին,- ընդգծել է նա:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites