Apr 4, 2011

Ռուսաստանը դեռես չի ներկայացրել Հայաստանի համար մատակարարվող գազի նոր սակագինը. Էներգետիկայի նախարար

Ռուսաստանի կողմից դեռեւս ներկայացված չէ Հայաստանին մատակարարվող գազի նոր սակագինը: Այս մասին ապրիլի 4-ին հայտարարեց ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը`Հայաստանում գազամատարարաման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ: Լսումների ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հարց ուղղեց, մեջբերելով ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա:

«Նշանակո՞ւմ է, արդյոք, որ գազն այնուամենայնիվ, թանկանալու է, բայց սպառողի համար չի թանկանում, թե՞ ընդհանրապես գազի գինն այս տարի չի բարձրանալու»,-հարց ուղղեց պատգամավորը, ինչին ի պատասխան Արմեն Մովսիսյանն ասաց, որ Սոչիում երկու երկրների նախագահների բանակցային գլխավոր թեմաներից մեկը եղել է գազի սակագնի թեման: «Մինչեւ այս պահը նոր սակագին ներկայացված չէ, եւ երկու նախագահներն իրենց բանակցությունների արդյունքում պայմանավորվել են, որ եթե ինչ-որ բան էլ փոխվի, ապա դա որեւէ ազդեցություն մեր սակագների վրա չպետք է ունենա: Եւ տեսնում եք, որ այդպես էլ կա»,-հայտարարեց Մովսիսյանը:

Նշենք, որ «Գազպրոմի» մամուլի ծառայության ներկայացուցիչը մարտի 3-ին հայտարարել էր, թե Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկելու են գազի սակագնի հետ կապված հարցը, սակայն դրա հետ կապված վերջնական որոշումը պետք է կայացնեն երկու տնտեսվարող սուբյեկտները` «Հայռուսգազարդը» եւ «Գազպրոմը»: Այդ հարցն, ըստ «Գազպրոմի» մամուլի ծառայության ներկայացուցչի, պետք է հստակեցվեր մարտի վեջին:

Նշեք, որ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությունը ՀՅԴ-ինն է:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites