Apr 5, 2011

Մեդվեդև կամ Պուտին. Ռուսաստանում նախագահի երրորդ թեկնածուն չի ուրվագծվում

2012-ին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում որպես հավանական թեկնածուներ կարելի է դիտարկել Դդմիտրի Մեդվեդևի և Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: «Ոչ մի երրորդ թեկնածու, որն ընտրվելու համար օբյեկտիվ հիմքեր կունենա, ամենայն հավանականությամբ, չի լինի», -նման տեսակետ է հայտնել Ժամանակակից զարգացման ինստիտուտի ղեկավար Իգոր Յուրգենսը «Նեզավիսիմայա Գազետա»-ում տպագրված իր վերլուծության մեջ:

Նա համոզված է, որ մինչև 2012-ը ներկայիս գործող քաղաքական գործիչներից ոչ մեկը ձեռք չի բերի այնպիսի հատկություններ, որը անհրաժեշտ է պետության ղեկավարին և որն արդեն իսկ Մեդվեդևն ունի: Միևնույն ժամանակ նա չի բացառում երրորդ թեկնածուի առաջացման հավանականությունը և, որպես նախագահի հավանական թեկնածուներ, թվարկում է անուններ` Ալեքսեյ Կուդրին, Սերգեյ Սոբյանին:

«Կուդրինի հայացքներն ինձ համար ընդունելի են: Բայց ինձ թվում է, նա բավականաչափ խարիզմատիկ չէ նախագահ դառնալու համար: Դե, իսկ Սոբյանինի առաջադրումը ռացիոնալ քայլ չի լինի», -գրել է Յուրգենսը:

2012-ին Ռուսաստանի նախագահը կլինի Մեդվեդևը, -իր կարծիքն է հայտնել Յուրգենսը և նույնիսկ անկեղծացել. «Ես անգամ մեկ արկղ կոնյակով գրազ եմ եկել գրող Դմիտրի Բիկովի հետ: Նա կարծում է, թե նախագահ է դառնալու Պուտինը: Իսկ ես Մեդվեևի կողմն եմ», -համոզված գրել է Յուրգենսը: Նա միաժամանակ բացատրել է` ինչու է համոզված, որ հաջորդ նախագահը ևս Մեդվեդևը կլինի. «Կայունացման ժամանակաշրջանը, որը կապված է Պուտինի անվան հետ, վաղուց անցել է:Ժողովուրդը դրա համար շնորհակալ է Պուտինին, մենք էլ ենք շնորհակալ»:

Նշենք, որ «Newsru.com»-ը իր հերթին նկատել է, թե Ժամանակակից զարգացման ինստիտուտի ղեկավար Իգոր Յուրգենսը նախագահ Դմիտրի Մեդվեդևի մերձավորներից է:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites