Apr 9, 2011

Վ. Շահվերդյան. «Թողեք թող կյանքն իր ընտրությունն անի` ոչ Հասմիկ Պողոսյանը, ոչ մեկ ուրիշը»

«Ես չեմ գտնում, ինձ անփոխարինելի, բոլորովին… Գուցե ես հանրապետության վերջին բեմադրիչներից չեմ, բայց այդ առումով կարող եմ ասել մեկ բան` եկեք սպասենք և տեսնենք, թե այս ծրագիրն ինչո՞վ կավարտվի»,- այսօրվա ասուլիսում, անդրադառնալով նրան, որ արդեն երեք տարի է, ինչ ինքն ազատվեց Սունդուկյանի անվան Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից և այն դեռևս թափուր է, նշեց ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Նրա խոսքերով, աշխարհում կան թատրոններ առանց կոնկրետ գեղարվեստական ղեկավարի. «Իսկ մենք դեռ էքսպերիմենտի մեջ ենք. թողեք տեսնենք ինչո՞վ կավարտվի այն»,- հորդորեց նա:

Անդրադառնալով նրան, որ դեռևս հունվարին` Մշակույթի նախարարի հավաստմամբ, Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը պետք է քննարկվեր ու լուծվեր, Վ.Շահվերդյանն ընդգծեց, թե իրավասու չէ որևէ բան այդ իմաստով ասել, բայց խորհուրդ տվեց չշտապել. «Կարծում եմ կլինի, իսկ եթե ոչ, ապա ոչ մի սարսափելի բան չկա»:

Ավելացրեց` կան լավ բեմադրիչներ, ովքեր կհրավիրվեն, այդ թվում նաև ինքը, քանզի մի քանի բեմադրությունների հայտ արդեն իսկ ներկայացրել է: Իսկ հետո կյանքն ինքն իր ընտրությունը կանի:

«Թողեք թող կյանքն իր ընտրությունն անի` ոչ Հասմիկ Պողոսյանը, ոչ մեկ ուրիշը»,- հավելեց նա:

Այդ հանգամանքը , ըստ ժողովրդական արտիստի, ամենևին էլ չի խոչընդոտում թատրոնի բնականոն գործունեությանը, քանզի անցյալ տարի, օրինակ, Սունդուկյանում 5-6 նոր ներկայացում է դրվել` մեկը լավ, մյուսը վատ, այնպես որ `«մենք վարժվում ենք դրան»:
Ինչ վերաբերում է իր անձնական գործունեությանը` թե Սունդուկյանի թատրոնի շրջանակում, թե նաև դրանից դուրս, ապա Վ.Շահվերդյանը հույս հայտնեց, որ այս տարեվերջին կամ գուցե հաջորդ տարվա սկզբին նա կսկսի նոր բեմադրության վրա աշխատել: Իսկ բացի այդ, արդեն Վանաձորի թատրոնում բեմադրվել է իր Շեքսպիրի «Արքա Լիրը», որը, համոզված է ռեժիսորը, սեպտեմբերին կներկայացվի նաև Երևանի հանդիսատեսին: Իսկ մի քանի օրից սկսելու է աշխատել Շանթի «Կայսր» բեմադրության վրա:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites