Apr 6, 2011

Դատ. Լրագրողն ընդդեմ գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ապրիլի 6-ին մեկնարկել է Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցով դատավարությունը:

Լրագրողը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին ներողություն խնդրել իրենից եւ 1 միլիոն դրամ գանձել` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

Փետրվարի 2-ին, երբ լրագրողը զանգահարել է Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, պատգամավորը նրան նախ անվանել է տգետ, հետո` հայհոյել, հետո ավելացրել` «լավ արեցի»: Հայցվոր կողմը դատարանին ներկայացրել է ապացույցներ, այդ թվում` լրագրողի հարցին ի պատասխան Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքների ձայնագրությունը:

Բալասանյանի փատաբան Վահե Գրիգորյանը դատարանում ներկայացրել է իրենց փաստարկները` մանրամասն ներկայացնելով նաեւ միջազգային կոնվենցիաների դրույթները, իսկ Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանը հայտարարել է, որ իրենք առարկում են հայցի դեմ:

Դատական նիստը հետաձգվել եւ նշանակվել է ապրիլի 27-ին:

Փաստաբան Վահե Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, թե ՀՔԾ-ին տրված բացատրության մեջ Ռուբեն Հայրապետյանը չի հրաժարվել ոչ հեռախոսազանգից, ոչ վիրավորանքից, ուստի տարակուսելի է, որ այսօր պատասխանող կողմը առարկում է հայցում ներկայացված փաստերին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites