Այսօր` ժամը 11-ից 12:30-ը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա հանդիպում Գերմանիայից ժամանած Հայդելբերգի համալսարանի հիվանդանոցի Իոնային ճառագայթային թերապիայի կենտրոնի գիտատեխնիկական գծով տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Թոմաս Հաբերերի հետ:
Ազգային մրցունակության հիմնադրամից հայտնում են, որ դոկտոր Հաբերերը Հայաստանում է գտնվելու ս.թ. ապրիլի 12-ից -16-ը` Ա.Ի. Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիայի (ԱԳԼ) Միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի հանդիպման շրջանակներում: Այցի նպատակն է հայաստանյան գործընկերների` ֆիզիկայի և առողջապահության ոլորտի մասնագետների հետ կիսել միջուկային բժշկության ոլորտի համաշխարհային փորձը և կիրառությունը:
Հանդիպման ընթացքում դոկտոր Հաբերերը հանդես կգա «Իոնային ճառագայթների թերապիայի կենտրոն. նոր չափանիշ ուռուցքաբուժության մեջ» թեմայով ելույթով, որին կհաջորդի հարց և պատասխանի հատված: Հանդիպման կազմակերպիչներն են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Ա.Ի. Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիան:
Մասնակիցների թվում են Ռուսաստանի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի Ֆլյորովի անվ. միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական տնօրեն, ակադեմիկոս Յուրի Օգանեսյանը, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ, ԱԳԼ կառավարման խորհրդակցական մարմնի ղեկավար Ներսես Երիցյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, ԱԳԼ տնօրեն, դոկտոր Աշոտ Չիլինգարյանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ գիտնականներ, ֆիզիկայի և առողջապահության ոլորտների մասնագետներ, կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և ուսանողներ: