«Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով ապրիլի 14-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, ինչը նշանակում է, որ Հայաստանի առանձին վայրերում, մասնավորապես հովտային շրջաններում սպասվում է ցրտահարություն: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Ագրարարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը, «Հայպետհիդրոմետ»-ի տվյալները մտահոգելու տեղիք են տալիս. սպասվում է, որ նախալեռնային շրջաններում ծաղկած ծիրանենիները և Արարատյան դաշտում արդեն պտղակալած ծառապտուղները կենթարկվեն ցրտահարության:
Դրա համար, ըստ նրա, պտղատու այգիները ցրտահարությունից փրկելու համար անհրաժեշտ է մի շարք միջոցառումներ ձեռնարկել: Մասնավորապես, մասնագետն առաջարկեց այգիների պաշտապանությունն իրականացնել ծխակույտերի այրման եղանակով, որի ժամանակ ծխակույտից ծուխ է բարձրանում և հենց ծուխն էլ օգնում է, որ այգիներում դրական ջերմաստիճան պահպանվի: Գ.Սանթրոսյանի խոսքերով, ծխակույտերը պետք է պատրաստվեն խոնավ ծխոտներից, որպեսզի դրանք ոչ թե այրվեն, այլ միան ծուխ արձակեն: «Այգիները որքան շատ ծխով պատվեն, ապա այնքան վտանգի աստիճանը կփոքրանա»,- ասաց նա` հավելելով, որ ծխակույտերը պետք է այրվեն քամու ուղղությամբ, որպեսզի ծուխը այգիների ներսը թափանցի: Նշվեց նաև, որ 1 հա-ի համար անհրաժեշտ է 120 ծխակույտ, որոնք պետք դրվեն հատկապես այգիների եզրերին:
Նա տեղեկացրեց, որ կարելի է օգտագործել նաև ցողապատման եղանակը. ծաղկի վրա ջուր լցնելու եղանակով դարձյալ կարելի է պաշտպանել ծաղկին ցրտահարությունից: Ի դեպ, ջրի ցողապատման մեթոդը կիրառելու դեպքում նույնիսկ -10-ից -20-ի դեպքում ցրտահարություն չի լինում, քանի որ սառույցի ներսում ջերմաստիճիանը 0-ից ներքև չի իջնում: Սակայն, ըստ Գ.Սանթրոսյանի, այս եղանակը աշխատատար է և Հայաստանում այնքան էլ չի կիրառվում, և ցրտահարությունից փրկելու հիմնական եղանակը դարձյալ մնում է ծխակույտերի այրումը:
Գ.Սանթրոսյանը նշեց, որ Արարատյան հարթավայրում ծառերի ծաղկման շրջանն արդեն ավարտվել է և սկսվել է պտղակալման շրջանը, իսկ նախալեռնային գոտում ծաղկման շրջանը նոր է սկսվում: «Այս դիտարկումները հիմնականում պետք է իրականացնել ծաղկման շրջանում, իսկ պտղակալման շրջանում ոչ այնքան: Եթե այսօր նախատեսվել է -2-ից -4 աստիճան ցրտահարություն, ապա վտանգի աստիճանը պտղակալման շրջանում գտնվող այգիներում կարող է այդքան վնասակար չլինել», - ասաց նա:
Հարցին, թե տվյալներ կան, թե հանրապետությունում ուժգին քամիների, հեղեղների պատճառով երեկ որքան այգիներ են վնասվել, Գ.Սանթրոսյանը նշեց, որ այս պահին ստույգ տեղեկություններ չունեն, բայց բնականաբար ինչ որ չափով վնասներ կլինեն, բայց ոչ այն աստիճանի, որ բերքից ամբողջությամբ զրկված լինենք:
Նշվեց նաև, որ այս գիշեր սպասվող ցրտահարության մասին sms հաղորդագրությունների միջոցով տեղեկատվություն կուղարկվեն բոլոր բաժանորդներին, որպեսզի հատկապես գյուղացիներն իրենց այգիներում ցրտահարության դեմ միջոցներ ձեռնարկեն: