Apr 9, 2011

ԼՂՀ-ում տնտեսական աշխուժություն է նկատվում

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան, որտեղ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը հաշվետվություն է ներկայացրել:

Ըստ այդ տվյալների` 2010 թվականին Մարտակերտում շարունակվել է շրջանի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացումը:
Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ԼՂՀ կառավարությունից:

«Թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը ավելի քան 19 միլիարդ դրամ է կազմել` շնորհիվ հանքարդյունաբերության: Շրջանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 5 միլիարդ 750 միլիոն դրամ: Իրականացվել են ավելի քան 8 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ, նախորդ տարվա համեմատ 51.5 %-ով ավելին:

Գյուղատնտեսությունը շրջանի տնտեսության հիմնական ճյուղն է: Հաշվետու ժամանակաշրջանում որոշակի աշխատանքներ տարվել են, ինչպես կազմակերպա-իրավական դաշտում` հողերի հետ կապված գործարքների, ապօրինի հողօգտագործման փաստերի վերհանման, նույնպես և գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Անբարենպաստ տարվա հետևանքները զգացել են նաև Մարտակերտի շրջանում:

2010-ին սև ցելի աշխատանքներն իրականացնելու համար հողօգտագործողներին ցուցաբերվել է աջակցություն` 10 մլն. դրամի չափով: Շրջան է ներկրվել որոշակի քանակությամբ ազոտական պարարտանյութ, կարտոֆիլի սերմացու, կորնգանի, առվույտի սերմ: Չնայած «Մարտակերտի գյուղատնտեսական ծառայություններ» ՓԲԸ տեխնիկական ապահովվածությունը նպաստում է շրջանում գյուղատնտեսության զարգացմանը, սակայն շրջվարչակազմի ղեկավար Ժիրայր Գաբրիելյանի հավաստմամբ` մի շարք համայնքներում գյուղտեխնիկայի պակասի պատճառով հողերի մշակման աշխատանքները ձգձգվում են: Հանրապետության մյուս շրջանների նման այստեղ էլ գյուղտեխնիկայի մեծ մասը հնամաշ է և աշխատում է խափանումներով: Կատարված աշխատանքները զգալի են, բայց ոչ բավարար: Գործադիրի ղեկավարը դժգոհ է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներից:

Վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ առաջիկայում արվելու է ամեն ինչ Մարտակերտի նախկին փառքը վերականգնելու համար: Մարտակերտն աշխատատեղեր ունենալու առումով հանրապետության մյուս շրջանների համեմատությամբ գերիշխող դիրքում է: Դրմբոնի հանքարդյունաբերության գործարանը, կառուցվող հէկ-երը և հեռանկարային մի շարք այլ ծրագրեր, վարչապետի խոսքով` աշխուժություն կմտցնեն ինչպես շրջանի, այնպես և հանրապետության կյանքում: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի հրապարակած ցուցանիշներից մեկը գոհացրեց վարչապետին` ժողովրդագրական աճ է արձանագրվել: 2010 թվականին Մարտակերտի շրջանում ծնվել է 386 երեխա»,- ասացին ԼՂՀ կառավարությունից:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites