Ապրիլի 7-ին Զարուհի և Տիգրան Փոստանջյանները ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին 17.03.2011 թվականին ուղարկած Հաղորդումը հանցագործության մասին ՀՔԾ-ի կողմից անհետևանք թողնելու, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, մասնավորապես` քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունելուց հրաժարվելու դեմ բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
Զարուհի և Տիգրան Փոստանջյանների 17.03.2011 թվականի Հաղորդումը հանցագործության մասին և 04.04.2011 թվականի Բողոքը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 143 և 308 հոդվածներով նախատեսված արարքներին, համաձայն որի` նրանք մեղադրում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանին պաշտոնեական դիրքի չարաշահման և խտրական մոտեցում դրսևորելու մեջ, ինչի հետևանքով կոպտորեն խախտվել է Տիգրան Փոստանջյանի հիմնարար իրավունքներից` անմեղության կանխավարկածը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք սկզբունքներ:
Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և գտնվում է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը` պարզ է դառնում, որ և փետրվարի 18-ին, և մարտի 12-ին ՀՀ դատախազության կողմից տարածված հաղորդագրությունները Տիգրան Փոստանջյանի հիմնարար իրավունքի` անմեղության կանխավարկածի կոպիտ խախտմամբ քրեական գործ սարքելու համար ունեին իրենց ուրույն նպատակը, ինչը դատաքննության ժամանակ ակնառու կդառնա արդեն լայն հանրության համար ևս: Չնայած նրան, որ քրեական գործը արդեն մի քանի օր է գտնվում է դատարանի վարույթում` Տիգրան Փոստանջյանին ապօրինի թույլ չեն տալիս տեսակցել հարազատների հետ:
«Անմեղության կանխավարկածը խախտող հաղորդագրությունը հերքելու և իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու դիմաց փոխհատուցում պահանջելու Տիգրան Փոստանջյանի հայցն ընդդեմ ՀՀ դատախազության, որը ներկայացվել է 21.02.2011 թվականին, երբ նա դեռ ազատության մեջ էր, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից փետրվարի 24-ին ընդունվել է վարույթ: ՀՀ գլխավոր դատախազության մարտի 12-ի, դարձյալ անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտող, Տիգրան Փոստանջյանի վերաբերյալ տարածած երկրորդ հաղորդագրությունը նույնպես հերքելու պահանջով այսօր Տիգրան Փոստանջյանը լրացուցիչ հայցադիմում է ներկայացրել դատավոր Ռուբեն Ներսիսյանին», ասվում է Զարուհի և Տիգրան Փոստանջյանների մամլո հաղորդագրության մեջ: