Հանրապետական կուսակցությունում խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրելու հարց չի քննարկվում: Այս մասին ասում է ինքը` Սահակյանը`անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց նա առաջիկայում պետք է փոխարինի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
«Ինձ ուզում են տան ԱԺ նախագա՞հ: Աստված ձենդ լսի, բայց` հումորով եմ ասում»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ իրեն լավ է զգում զբաղեցրած պաշտոնում եւ ԱԺ նախագահ դառնալու մտադրություն չունի: «Շատ թիմակիցներ կան, որոնք ինձ տեսնում են Աժ նախագահի պաշտոնում: Բայց դա չի նշանակում, որ ես ամեն օր նստած մտածում եմ, թե ես որտեղ պետք է լինեմ: Ես իմ դերակատարումից գոհ եմ»,-նկատեց Սահակյանը: Նա նաեւ նշեց, որ եթե անգամ իրեն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու խնդիր առաջանա, ապա իր համաձայնությունը շատ կարեւոր դերակատարում կունենա: «Բայց նման խնդիրները լուծում են կուսակցության գլխավոր մարմիներում ծավալվող քննարկումների միջոցով:
Նախ նման դեպքերում հավասարակշռված մոտեցումներ են անհրաժեշտ»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Նա նաեւ ընդգծեց, թե առայժմ չի պատկերացնում, թե իր ուժերն ու ունակությունները կբավարարե՞ն ԱԺ նախագահի պաշտոնում որոշակի պարտականություններ կատարելիս:
Գալուստ Սահակյանը գնահատեց նաեւ ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ երեք տարվա աշխատանքը` այն համարելով դրական: ԱԺ նախագահի գլխավոր դերակատարումը, ըստ նրա, ԱԺ-ի բնականոն գործունեությունն ապահովելն է: Սահակյանի խոսքով` Հովիկ Աբրահամյանը կարողանում է լեզու գտնոլ բոլոր քաղաքական ուժերի հետ, եւ «երբեմն անկողմնակալ վերաբերմունքով է հանդես գալիս»:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, քաղաքական կուլիսներում խոսում են առաջիկայում սպասվող նոր, ավելի լայնամասշտաբ փոփոխությունների մասին:
Մասնավորապես քննարկվում է այն սցենարը, որ առաջիկա մայիսին պաշտոնանկ է արվելու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան այդ պաշտոնում վարչապետի պաշտոնում նշանակվելու է ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում, ընտրվելու է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը: