Թերթը գրում է. «Երբ երկրի ղեկավարությունը Երեւանի կենտրոնում բնակարան հատկացրեց աշխարհահռչակ գրոսմայստեր Լեւոն Արոնյանին, հայ հասարակությունը դա ոչ միայն նորմալ ընդունեց, այլեւ համարեց, որ նման շախմատիստին որքան էլ մեծարենք, ինչ ձեւով էլ գնահատենք, էլի քիչ կլինի:
Իսկ ահա, կիրակի օրը Կրեմլի պալատում տեղի ունեցած «Տաշիր-2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխության «արդյունքները» հանրությունը չկարողացավ «մարսել», եւ հենց նույն գիշերվա ընթացքում վրդովմունքի ալիք բարձրացավ հայ հասարակության շրջանում, որը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հետեւում էր մրցանակաբաշխությանը:
Կազմակերպիչները տարբեր անվանակարգերում մրցանակ շնորհելուց զատ, նաեւ բնակարանի սերտիֆիկատ ու թանկարժեք ավտոմեքենա նվիրեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Երեւանի կենտրոնում բնակարանատեր դարձան Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Կամո Սեյրանյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրուշոն, Լուսինան, իսկ «ներկայացուցչական ավտոմեքենայի» տեր դարձան Էմմին ու Ռազմիկ Ամյանը:
Բացի այդ, «Տաշիր-գրուպի» ղեկավարությունը բնակարան նվիրեց նաեւ մրցանակաբաշխությունը վարող զույգին. շոումեն Գարիկ Մարտիրոսյանին` Մոսկվայում, իսկ Քսենյա Սոբչակին` Երեւանում:
Մեղմ ասած, այս անխոհեմ քայլին անմիջապես հետեւեց միանգամայն ողջունելի նախաձեռնություն. դեռ մրցանակաբաշխությունը չավարտված` կիրակի գիշերը Facebook սոցիալական ցանցում «Կոչ Տաշիր-2011-ի աստղերին» խորագրով էջ բացվեց, որին մի քանի ժամվա ընթացքում միացան հարյուրավոր մարդիկ:
«Առաջարկում ենք մեր աստղերին (ով տան կարիք չունի) «Տաշիր-2011»-ից նվեր ստացած բնակարանները նվիրել անտուն ընտանիքներին»,-կոչ արեցին նախաձեռնության հեղինակները:
…Համաձայնեք, որ երեւույթը տգեղ է. մեր երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ապրում են սոսկալի պայմաններում, հանկարծ այդ մարդիկ հեռուսատեսությամբ տեսնում են, թե ինչպես են հայրենի «աստղերին» նվիրում բնակարաններ ու ավտոմեքենաներ: Այն «աստղերին», որոնք թե բնակարաններ ունեն, թե մեքենաներ, թե ամառանոցներ: Ընդ որում, նրանցից շատերը երկու-երեք բնակարան ու մեքենա ունեն:
Նկատենք նաեւ, որ այդ «աստղերից» շատերը նույն մեծահարուստների հարսանիքներին, ծննդյան եւ այլ հանդիսություններին են մասնակցում ու վաստակում են ոչ թե մեկ, այլ մի քանի բնակարանի գումար: Այս պարագայում ուղղակի անհասկանալի է մրցանակաբաշխության կազմակերպիչների մատուցած նվերները: Հարկ կա՞ր դիմել նման ցոփության, երբ նույն կազմակերպիչները շատ լավ գիտեն, թե ինչպես է ապրում շարքային հայաստանցին:
Խոսքը միայն անտունների մասին չէ, այլ նաեւ նրանց, ովքեր ընտանիքը պահելու համար չեն կարողանում նույնիսկ ծայրը ծայրին հասցնել: Հայաստանում ապրող չքավորների բանակի ֆոնին ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բնութագրել սույն նվիրատվությունը, եթե ոչ ցոփության ու շվայտության դրսեւորում: Այդ նվիրատվության գումարով կարելի էր մի քանի գյուղի կենսապահովման խնդիրները լուծել, ինչից տարիներ շարունակ զրկված է հայ գուղացին:
Հետաքրքիր է, այդ ո՞ր արժանիքների համար են այդպես շռայլորեն վարձատրվում հայրենի «աստղերը»: Աշխարհով մեկ հայ երգարվեստի տարածման ու քարոզման համա՞ր: Ծիծաղելի է: Ցույց տվեք այդ «աստղերից» մեկնումեկին, որը մասնակցել է միջազգային որեւէ լուրջ մրցույթի (չենք ասում` հաղթել է, այլ ընդամենը մասնակցել է): «Եվրատեսիլը» մեջտեղից հանեք, դա ավելի քան անլուրջ, քաղաքականացված մրցույթ է, որտեղ կարող է հաղթել անգամ վոկալի հետ կապ չունեցող ցանկացած մեկը:
Ուրեմն վասն ինչի՞ են ստանում 3-րդ կամ 4-րդ բնակարանն ու ավտոմեքենան»: