Հայաստանի խորհրդարանը 15 օրով հետաձգել է ՀՅԴաշնակցության ներկայացրած օրինագիծը` թոշակների եւ նպաստների բարձրացման վերաբերյալ:
Որոշումը կայացվել է, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է,թ ե Հանրապետական պատգամավորները չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ նման օրինագծի ընդունումը վաղաժամ են համարում: Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Դրանից հետո ելույթ ունեցել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով գործընկերների ելույթներից եզրակացություն էր արել, թե ընդհանուր առմամբ իշխող կուսակցություններն աջակցում են փաստաթղթին, սակայն դեմ են այժմ ընդունելուն:
«Նախօրեին կառավարությունը խոստովանեց, որ միջոցներ չունի թոշակներն ու նպաստներն ավելացնելու համար, եկեք հետաձգենք օրինագիծը, եւ մենք կապացուցենք գործադիր իշխանությանը, որ գումարներ կան»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ փաստաթղթով նախատեսվում է նվազագույն սպառողական զամբյուղի չափը սահմանել 61 հազար դրամ, իսկ նվազագույն թոշակներն ու նպաստները չպետք է պակաս լինեն այդ նշաձողից:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ պնդեց, որ կառավարությունը անհրաժեշտ միջոցներ ունի այդ փոփոխությունների համար: Նա նշեց նաեւ, որ այժմ կառավարության քաղաքականություն միտված է ոչ թե աղքատության հաղթահարմանը, այլ դրա խորացմանը: