Մայրության և գեղեկցության օրվա առիթով և Հայաստանի խոցելի համայնքներում նորածնային առողջության բարելավման համատեղ ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերությունը Նոյեմբերյանի հիվանդանոցին կտրամադրեն նորածնային առողջության պահպանման համար անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներ:
Այս բուժսարքավորումները հնարավորություն կտան հիվանդանոցին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել նորածինների կյանքը փրկելու տեղում` առանց կենտրոնական հիվանդանոց տեղափոխման:
Ինչպես հայտնում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, նոյեմբերյանի հիվանդանոցը մոտ 400 ծնունդներ է ընդունում ամեն տարի և քաղաքի ու մոտակա 17 գյուղերի շուրջ 20.000 բնակչությանը մատուցում է տարբեր տիպի բժշկական ծառայություններ, ներառյալ ծնունդների ընդունումը:
Համաձայն պաշտոնական վիճակագրության` Հայաստանում մինչև 1 տարեկան երեխաների մահերի 70%-ը տեղի է ունենում կյանքի առաջին 28 օրվա ընթացքում, այսինքն նեոնատալ փուլում: Այս մահերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե այդ երեխաներին ժամանակին տրամադրվեր պատշաճ անտենատալ և նեոնատալ խնամք, վերականգնողական ծառայություններ, և եթե հիվանադոցները հագեցած լինեին անհրաժեշտ բուժսարքավորումներով: