Արդեն որերորդ տարին է՝ ազգովի ապրում ենք ամերիկյան «Արջամկան օրը» ֆիլմի հերոսի կարգավիճակում. եթե այդ կենդանին փորձում էր գուշակել՝ գալո՞ւ է գարուն, թե ոչ, ապա մենք փորձում ենք գուշակել՝ գալո՞ւ է Հայաստանում քաղաքական գարուն, թե շարունակելու ենք մնալ քաղաքական ձմռան մեջ։ Նման խորհրդանշական համեմատություն արեց «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ մոտ քաղաքական գարուն չի գալիս։ Մենք մնացել ենք քաղաքական ձմռան, մնացել ենք մարտի 1-ի լույս 2-ի գիշերում։ Մարտի 2-ը եւ քաղաքական գարունը ոչ մի կերպ չեն սկսում»,- ասաց Խզմալյանը։
Հարցին՝ հնարավո՞ր համարում է, որ եգիպտական հեղափոխությունը կկրկնվի նաեւ Հայաստանում, կինոռեժիսորն ասաց։ «Ամեն անգամ, երբ հասարակական ընդվզման մասին խոսակցություններ եմ լսում, մտածում եմ, որ այդ մասին խոսողներն օթերեւութաբաններ են, կարծես փորձում են կռահել՝ անձեւ կգա՞, թե ոչ։ Հեղափոխությունն անձրեւ չէ, հեղափոխությունը չի գալիս, հեղափոխությունն անում են։ Մինչեւ մենք չհասկանանք այս պարզ ճշմարտությունը, ոչինչ չի փոխվի»,- ասաց Խզմալյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում հեղափոխությունն ինքնանպատակ չի կարող լինել։
«Մեզնից է կախված, թե ինչ ենք անելու։ Եթե անգամ մոռանանք այն մարդասպանությունները, այն տնտեսական, քաղաքական ու գաղափարական ոճրագործություները, որոնք մեր երկրում կատարվում են արդեն մեկուկես տասնամյակ, միեւնույն է ակնհայտ է, որ Հայաստանում կառավարման համակարգը տապալվում է։ Մեր պետականությունը վտանգված է։ Մարդիկ, ովքեր ուզում են լինել ազգի հայրերը, չեն կերակրում իրենց ընտանիքի անդամներին, այլ կեղեքում են նրանց։ Մենք պետք է հասկանանք, որ մեր երկրի համար կործանարար են ոչ թե ադրբեջանական սպառնալիքներն ու թուրքական շրջափակումը, այլ Հայաստանի խայտառակ թույլ կառավարման համակարգը»,- եզրափակեց կինոռեժիսորը։