Mar 15, 2011

ՀԱԿ. Երբ պետք է, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է բազե լինել, երբ պետք է՝ աղավնի

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հայտարարությունը, թե ինքը «յաստրեբ է» (գիշատիչ թռչուն), իսկ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ աղավնի, ինքնագովազդի ժանրից է։ Մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։

«Ես նման արհեստական բաժանում ընդհանրապես չէի կիրառի, հատկապես Տեր-Պետրոսյանի պարագայում, ով ապացուցել է, որ վճռական պահերին, պատերազմական գործողությունների ժամանակ կարող է ամենաարմատական քայլերն անել եւ ծնկի բերել հակառակորդին: Բայց նաեւ ապացուցել է, որ կարող է լինել շատ ճկուն եւ հակված քաղաքական փոխզիջումների։ Կարծում եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական բնավորությունը, սպեկտրը շատ ավելի հարուստ է։ Երբ պետք է, նա կարող է բազե լինել, երբ պետք է՝ աղավնի»,-ամփոփեց Զուրաբյանը։

Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը կարծիք էր հայտնել, որ իշխանությունն ընդդիմադիր դաշտի գործիչներից ոմանց աղավնի, ոմանց էլ «յաստրեբ» է համարում, ընդ որում, ինքն իրեն դասակարգում է «յաստրեբների» շարքին, իսկ ահա Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ աղավնիների։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites