Mar 14, 2011

Մահացու դիետա, թե՞...

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն շրջանի Մ. Ավետիսյան 1-ին փողոցի տներից մեկում մարտի 12-ին մահացած վիճակում հայտնաբերված 20-ամյա Լիա Հակոբյանը, առնչություն չունի նույն օրն առավոտյան Կիեւյան կամրջից իրեն ցած նետած եւ մահացած 22-ամյա Միքայել Վասիլյանի հետ:

Ոստիկանության օպերատիվ քննչական խումբն արդեն պարզել է, որ հարեւանների տարածած այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Տեղեկացնենք, որ Ոստիկանության տվյալներով, դատաորձաքննությունը պարզել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: Նախնական տվյալներով, աղջիկն ինքնասպան է եղել մեծ քանակի դեղահաբեր ընդունելու հետեւանքով:

Հուղարկավորության օրը Լիա Հակոբյանի հարեւանների հետ զրուցելով փորձեցինք ճշտել շրջանառվող լուրերն ու մահվան հնարավոր պատճառները:

«Ինքն ընկեր ունի, օրինավոր սիրած, ով հիմա դիակի մոտ է, ոչ մի կոնֆլիկտ չի եղել, ոչ մի բան չի եղել: Այդ տղան նշանածի պես է, բոլորս ճանաչում ենք փեսային: Իմ լսածով, Լիան դիետա է պահել, որ նիհարի, երեւի կերած չի եղել, ինչ-որ դեղ է օգտագործել ու թունավորվել»,- ասաց հարեւանուհիներից մեկը, հավելելով, որ աղջիկը գեր չի եղել. «Ոչ մի խնդիր չուներ, ուղղակի հիմիկվա ջահելները բոլորն էլ էդպես են»:

Հարեւանուհին նաեւ հերքեց այն հանգամանքը, որ մահացածը խնդիրներ է ունեցել ընտանիքի անդամների հետ: «20-21 տարեկան աղջիկ է, ո՞վ կպատկերացներ, որ նման բան կլինի, թեեւ ով գիտի: Չէ, խնդիր չունի, ամեն ինչը կազմակերպված, ըստ պահանջի, իդեալական աղջիկ էր ամեն առումով, ե´ւ բարոյական, ե´ւ արտաքինով, ե´ւ լավ պայմաններով, շատ բարի, կամեցող»,- նշեց հարեւանուհին, շեշտելով, որ Լիան դպրոցում էլ սովորել է բարձր առաջադիմությամբ, եւ նույնիսկ իրենից է գրքեր վերցրել, պարապել եւ սեփական գիտելիքներով համալսարան ընդունվել:

Հարցին, թե վերջին շրջանում որեւէ փոփոխություն աղջկա մոտ չի՞ նկատվել, հարեւանուհին պատասխանեց. «Դե ինքը երջանիկ էր իր սիրած տղայի հետ, գնում գալիս էր, մենք բոլորս լավն ենք տեսել, ոչ մի վատ բան չենք տեսել: Իրա ընտրությունն էր այդ տղան»:

«Սա այն օրն է, որ ում էլ հարցնեք, մեկ է, բան չի ասի»,-վրդովվեց մեկ այլ հարեւանուհի, բայց հենց տեղեկացավ, որ կարող է ինքն էլ կարծիք հայտնել աղջկա մասին, աշխուժացավ. «Էն ընտանիքի երեխան ա, որ շատ շատերը, հազարավորները կարող են այդ ընտանիքից օրինակ վերցնել: Նրանք դաստիարակված, ցուցադրական, մատով ցույց տալու ընտանիք են, նույնը կասեի այդ երեխայի մասին»:

Իսկ թե ինչը կարող էր պատճառ դառնալ ինքնասպանության համար, հարեւանուհին տեղյակ չէր. «Սա հանելուկ ա, հրաշք ա մեզ համար, շատ խորը ցավ ենք ապրում»:

Ինչ վերաբերում է հենց հարեւանների շրջանում շրջանառվող ասեկոսեներին, որ Լիան ինքնասպանություն է գործել հենց այն օրը, երբ այդ քայլին է դիմել 22-ամյա Միքայել Վասիլյանը, այդ նույն հարեւանուհին կրկին վրդովված ձայնով ասաց. «Մենք այդ տեղեկություններից տեղյակ չենք ու խնդրում եմ, նման բաները այս փողոցում մի ասեք, որովհետեւ էս էն փողոցն է, որ չէր կարող այդ ընտանիքի երեխան կապ ունենար այդ ամենի հետ»:

Մի խումբ կանայք, ովքեր, իրնց ներկայացմամբ, վերեւի հարեւաններն էին միաբերան պնդուն էին, որ Լիայի արարքն իրենց շատ է զարմացրել, քանի որ աղջիկը շատ խելացի էր, տան անդամների հետ որեւէ խնդիր չուներ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites