Mar 14, 2011

ՆԺԿ. Սերժ Սարգսյանը սկսել է հասկանալ, որ Հայաստանում իրավիճակը մոտեցել է օրհասականին

Սերժ Սարգսյանը սկսել է հասկանալ, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը մոտեցել է օրհասականին, եւ ամեն բան գալիս է նրան, որ երկրում կարող է ժողովրդական ապսամբություն լինել։ Մարտի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը։

Նրա խոսքով, երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին նախագահի վերջին հայտարարությունը շատ տեղին է, սակայն ավելի էական է, որպեսզի հայտարարության դրույթներն ի կատար ածվեն։ «Իշխանությունը չի թաքցնում, որ երկրում ստեղծված իրավիճակը ծայրահեղ ծանր է, սակայն մի բան է այդ մասին ելույթներ լսելը, մեկ այլ բան՝ վիճակը լավացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը։ Սակայն կարծում եմ, որ այս անգամ էլ նախագահը լայնամասշտաբ գործողությունների չի գնա»,- տեսակետ հայտնեց Կարապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ թեպետ երկրի իշխանություններն սկսել են ավելի հարգանքով վերաբերել ընդդիմադիր դաշտից հնչած գնահատականներին, սակայն երկխոսություն, որպես այդպիսին, չեն առաջարկում եւ գործում են այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում։

Ամփոփելով՝ ՆԺԿ ղեկավարը նկատեց, որ Հայաստանում հեղափոխության անհրաժեշտություն միշտ էլ եղել է։ «Դրա անհրաժեշտություն կար դեռ երեկ, սակայն պարտադիր է, որ այն անարյուն իրականացվի»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը։

Նշենք, որ օրերս Հայաստանի նախագահն իր մոտ էր հրավիրել երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ տնտեսական բլոկի մի շարք նախարարների ու պաշտոնյաների, անդրադարձել երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին եւ այն շտկելու ուղղությամբ հստակ հանձնարարականներ տվել վերջիններիս։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites