Mar 19, 2011

Որովայնի վրա ծակած վերքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն դանակահարողը 24-ամյա աղջիկ է

Պարզվել է, որ դեռ 4 ամիս առաջ որովայնի վրա ծակած վերք ստացած 30-ամյա երիտասարդին դանակահարել է 24-ամյա Գոհար անունով մի աղջիկ:

Հիշեցնենո, որ դեռեւս 2010-ի նոյեմբերի 18-ին Ոստիկանության Ստեփանավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Սերգեյ Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել էր Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին` իր «Ֆոլքսվագեն Վենտո» ավտոմեքենայի անվադողը փոխելու ժամանակ անզգուշաբար պտուտակահանով իրեն վնասելու հետեւանքով:

Սերգեյ Ս.-ին տրվել էր դատաբժշկի ուղեգիր:

Ըստ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» 2011 թ. փետրվարի 28-ի համալիր փորձաքննության եզրակացության՝ Սերգեյ Ս.-ն կտրած-ծակած թափանցող վնասվածքն ստացել էր կտրող-ծակող գործիքից եւ բացակայում էր պտուտակահանի ներգործությունը:

Մարտի 4-ին անհայտ անձի կողմից Սերգեյ Ս.-ին կտրող-ծակող գործիքով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու փաստով ՀՀ քրեական օրենսգրքիի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:

Սերգեյ Ս.-ն ցուցմունք է տվել, որ 2010 թ. նոյեմբերի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին հարակից հանդամասում, դանակով իրեն հարվածել եւ վնասվածքը պատճառել է 24-ամյա Գոհար Պ.-ն:

Գոհար Պ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites