Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ասել է, որ հնարավոր է՝ ռուսական գազի գինը Հայաստանի համար չթանկանա նաև 2012թ. ջեռուցման սեզոնին։
Ռոբերտ Նազարյանն ասել է, որ տեղյակ է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի հայտարարությանը, այն է՝ փետրվարի 25-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստան մատակարարվող գազը 2011թ. չի թանկանա: «Որքան ինձ հայտնի է, խոսքը ոչ միայն 2011թ. մասին է։ Չի բացառվում, որ գազի գինը բարձրանա 2012թ. հունվարից, ինչը կապված կլինի Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ։ Կարծում եմ, որ մենք կբացառենք այդ տարբերակը, քանի որ ունենք լավ, բարի ավանդույթ՝ չբարձրացնել գազի գինը ջեռուցման սեզոնին, և որպես կանոն բարձրացնում ենք ապրիլի 1-ից»,- ասել է Նազարյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Արմեն Արշակյանը, ըստ «ԱրմԻնֆոյի», ասել է, որ բնակչության համար գազի գինը Հայաստանում բարձր է միայն Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի համեմատ։ «Այդ երկրներն ունեն կապույտ վառելիքի սեփական պաշարներ, բացի այդ՝ եկամուտներ են ստանում գազի տարանցումից։ Եվրոպայում գները մի քանի անգամ բարձր են հայկական գնից։ Որոշ երկրներում գազն այնքան թանկ է, որ օգտագործում են միայն արդյունաբերության մեջ, իսկ բնակչությունը ջեռուցվում է էլեկտրաէներգիայով, օրինակ՝ Ֆինլանդիայում»,- ասել է Արշակյանը։