Mar 1, 2011

Հոգևորականներն անհանգստանում են. Հայ ընտանիքի առջև ծառացած է ամուսնության և պսակի խորհրդի ընկալման աղճատումը

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով նախօրեին ու այսօր, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվել է ամենամյա քահանայից հավաքը, որին մասնակցել են շուրջ երկու հարյուր հիսուն եկեղեցականներ Հայաստանի և Արցախի թեմերից: Հավաքի քննարկման նյութն էր «Ընտանիքը և հոգևոր հովիվը»:

Տեղեկատվության համաձայն, քննարկումների վերջում հոգևորականաց դասը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է.

«Մենք` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր սպասավորներս, քննության առնելով հայ ընտանիքի առջև ծառացած մարտահրավերները, կարևորությամբ ընդգծում ենք հայրենի պետության և հասարակության կյանքում ընտանիքի բացառիկ արժեքը և ազգապահպան առաքելությունը: Դարեր շարունակ աստվածադիր ամուսնական միության սրբազան պատվիրանը հիմն է եղել հայ ավանդական ընտանիքի` իբրև փոքր եկեղեցու, որին հատուկ է եղել աստվածսիրությունն ու հայրենասիրությունը, ընտանեկան սրբությունն ու հավատարմությունը ազգային, բարոյական ու հոգևոր արժեքներին:

Մեր հովվական ծառայության ընթացքում, սակայն, ականատեսն ենք հասարակական գիտակցության ու վարքի մեջ դրսևորվող մտահոգիչ երևույթների, որոնք նաև հետևանքն են մեզանում հոգևոր կյանքի ու ավանդական բարոյական արժեքների տկարացման, համաշխարհայնացման ու աշխարհիկացման գործընթացների, սոցիալական ու տնտեսական դժվարությունների: Այսօր հայ ընտանիքի առջև ծառացած են բարոյական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ամուսնության և պսակի խորհրդի ընկալման աղճատումը, կողակցի ու ընտանիքի նկատմամբ, զավակների ազգային-հոգևոր դաստիարակության հանդեպ պատասխանատվության անկումը: Նմանօրինակ մտայնության և վիճակների անցանկալի հետևանք են ամուսնական անհավատարմությունը, ընտանեկան բռնությունը, հղիության արհեստական ընդհատումը և այլ մերժելի երևույթներ: Հայ ընտանիքում ընտանեկան բնական կյանքի խաթարման և հաճախ ամուսնալուծության պատճառ է դառնում դրանից բխող դառն հետևանքներով նաև տարբեր կրոնական կազմակերպությունների և շարժումների քայքայիչ գործունեությունը»:

Հայտարարության մեջ հոգևորականների դոսը նաև ամուսնացող զույգերին հորդորել են ամուսնության նկատմամբ առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերել` Ս. Պսակի խորհուրդն ընդունել որպես անշահախնդիր սիրո, միմյանց սատարումի և հոգատարության անքակտելի սուրբ միություն:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites