Mar 29, 2011

Ոստիկանության կապիտանը զինված փորձել է թալանել «Կոնվերս բանկ»-ը. նա բանկի ներսում մի քանի կրակոց է արձակել

Ոստիկանության կապիտանը զինված մտել է բանկի բաժանմունք եւ կրակոցներ արձակել: Քիչ առաջ` ժամը 12:30-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զինված անձը մտել է «Կոնվերս բանկի» Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 12/10 հասցեում գտնվող մասնաճյուղ եւ փորձում է հանցագործություն կատարել: Բանկ մտած անձը ներսում արձակել է երկու-երեք կրակոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը վնասազերծվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ ստացել մարմնական վնասվածք: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նա Ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է:

Դեպքի վայրում են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանը, Պահպանություն միավորման պետ, գնդեպետ Խաչիկ Ասատրյանը, Ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը, Նոր Նորք վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանն ու նրա տեղակալ Դավիթ Գրիգորյանը:

Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակցիները եւ համապատսապան աշխատանքներ են իրականացնում:

Նշենք, որ բանկում հայտնաբերվել է տոպրակ, որում եղել է խոշոր չափի գումար, ինչպես նաեւ «Մակարով» տեսակի ատրճանակ` իր պահունակով:

Շուտով դեպքի վայր են ժամանելու նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները` քննչական աշխատանքներ կատարելու նպատակով:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites