Mar 29, 2011

Հայաստանում ընդամենը երկու նախարարություն է օգտագործում լիզենզիոն ծրագրեր

Հայաստանում պիրատության ցուցանիշը մեկ տարում նվազում է առավելագույնը 3-4 տոկոսով, ոչ ավելի: Մինչեւ կառավարությունը չգնի լիցենզիոն ծրագրեր, այդ տոկոսը չի իջնի։ Այս մասին այսօր` մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց BSA (Բիզնես սոֆթ ալիանս) միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ կառավարությունից Հայաստանում ընդամենը երկու նախարարություն է օգտագործում լիզենզիոն ծրագրեր՝ Արդարադատության ու Կրթության եւ գիտության նախարարությունները։

«Ներկայումս Հայաստանում պիրատության ցուցանիշ 90 տոկոս է, իսկ դա նշանակում է, որ այն ընդգրկում է ե’ւ կառավարությունը ե’ւ բիզնես դաշտը, ե’ւ մանր, միջին, փոքր բիզնեսը, նաեւ հասարակական սեկտորը»,-ասաց Ն. Մկրտչյանը։ Նա որպես այս տարվա ձեռքբերում նշեց հատկապես մեծ բիզնես ընկերությունների շրջանունում փոփոխությունները։

«Մեծ ընկերություններն արդեն 70 տոկոսով լեգալ դաշտում են, մասնավորապես բանկերի մասին է խոսքը, սակայն բացի բանկերից կան դեռ վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, որոնց հետ դեռեւս աշխատանքներ են ընթանում եւ այս դաշտում դեռեւս բացեր կան»,-ասաց Ն. Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ սովորաբար աշխարհի որեւէ երկրում այս ոլորտի կարգավորումը առանց կառավարության միջամտության եւ մասնակցության գրեթե տեղի չի ունեցել, իսկ 2010թ.-ի ընթացքում այս ոլորտում Հայստանում էական որեւէ առաջընթաց չկա։

«Եթե հեղինակային իրավունքի ցանկացած իրավատեր ընկերություն կառավարության կողմից աջակցության հնարավորություն ունենա, հավատացեք երկրում պիրատության նման ցուցանիշ չի արձանագրվի»,-ասաց Ն. Մկրտչյանը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites