Mar 25, 2011

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը կդադարեցնի երկու դեպքում. Եթե Աստված ասի` բավ է, եւ եթե…

Ամբողջ իշխանության նորովի, արտահերթ եւ օրինավոր ձեւավորում. այսօր` մարտի 25-ին հրավիրած ասուլիսում այս պահանջն առաջ քաշեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհննիսյանը, ով Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրն է` հացադուլ է իրականացնում: Րաֆֆի Հովհաննիսյանը սա համարեց ժողովրդի պահանջը: «Սա ժողովրդի պահանջն է, եւ ես շատ փոքր եմ, որ պաստառ կպցնեմ եւ ասեմ, որ սա իմ պահանջն է: Որպեսզի իշխանությունը վերադարձվի ժողովրդին, անհրաժեշտ է գործող իշխանության գիտակցություն, ինչպես նաեւ ժողովրդի ոգի եւ վճռականություն»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա շնորհակալություն հայտեց այն համաքաղաքացիներին, որոնց համառ ջանքերի շնորհիվ Ազատության հրապարակում երեկ վրան տեղադրվեց:

«Տեղադրելով վրանը` համաքաղաքացիները պաշտպանեցին մարդու իմ իրավունքը եւ ի կատար ածեցին օրենքի պահանջը: Նրանք դարձան իրավապահները Հայաստանի Հանրապետության: Եւ հպարտ եմ, որ նման քաղաքացիներ ունեմ: Եւ մի քիչ մեղքի զգացում ունեմ, քանի որ առաջին գիշերն է, որ լյուքս համարում քնեցի, ինչը ժողովրդի պահանջն էր»,-հայտարարեց Հովհաննիսյանը`հավելելով, որ իր ինքնազգացողությունը լավ է, ինքն իրեն լիցքավորված է զգում, տրամադրությունն էլ մարտական է:

Հարցին, թե կա՞ պահանջ, որի իրականացման դեպքում «Ժառանգության» հիմնադիրը կդադարեցնի հացադուլը, Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց: Նա մտադիր է շարունակել իր հացադուլ-ծոմը` ակնկալելով, որ երկրի իշխանավորներն «իրենց խելքը, խիղճը , հոգին եւ քաղաքական գիտակցությունը պետության նկատմամբ պատասխանատվությունը կօգտագործեն` արմատապես փոխելու իրենց մոտեցումները»:

Ընդդիմադիր գործչի խոսքով` ոչ մի պահանջ, կամ դրա բավարարումը չի բերելու իր` հացադուլից դուրս գալու որոշմանը: Նա հացադուլը դադարեցնելու է երկու դեպքում եւ դադարեցումը լինելու է իր «ենթակայական, սուբյեկտիվ որոշումը»: Ըստ այդմ` եթե Աստված իրեն ասի, որ բավ է, այսքանով պիտի բավարարվես, եւ երկրորդ, եթե ՀՀ նախագահը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա մոտենա իրեն եւ ներկայացնի արմատական լուծումներ, որոնք ներառում են նաեւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites