Mar 29, 2011

Թուրք կուսակցապետը դատական հայց է ներկայացրել իր հայկական արմատների մասին գիրք գրողի դեմ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 100 հազար լիրայի չափով փոխհատուցման հայց է ներկայացրել եւ պահանջել, որ դատարանը գրախանութներից հավաքել տա «Դերսիմցի հայուհի Եմուշի որդի ինժեներ Քեմալը» գրքի օրինակները։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, թե գրքում իր նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կան, որի համար դիմել է դատական ատյաններին։

Հիշյալ գործով արդեն դատախազությունում ցուցմունքներ է տվել գրքի հեղինակ Սուլեյման Յեշիլյուրթը՝ նշելով, թե ինքը չի վիրավորել Քըլըչդարօղլուին։

Նշենք, որ հիշյալ գրքի վերաբերյալ իրենց քննադատական հայտարարություններ են արել նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանն ու Շերաֆեթթին Հալիսը։

Շերաֆեթթին Հալիսը նշել էր, թե այդ գիրքը պատվիրված է, որն իր էությամբ ստորացուցիչ եւ անբարոյական մոտեցում է։ «Ես պարոն Քըլըչդարօղլուի փաստաբանը չեմ, սակայն այդ գիրքը վիրավորանքներով լեցուն է թե’ Քըլչդարօղլուի, թե’ հայերի տեսանկյունից։

Հատկանշական է, որ գրքի տպագրման ամսաթիվը փետրվարի 20-ն է, սակայն այն աննկարագրելի արագությամբ հաջորդ օրը հայտնվեց Թուրքիայի խորհրդարանում։ Մեկ փաստ եւս՝ գիրքը տպագրվել է Անկարայի համար ռեկորդային համարվող 100 հազար տպաքանակով։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites