Mar 23, 2011

Կճոյանի դիմագծերով Մեսրոպ Մաշտոցի քանդակի համար վճարել է հենց ինքը՝ Կճոյանը

Օշականի դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի տուֆե քանդակի դիմագծերը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանինն են, որի համար վճարել է հենց ինքը՝ Կճոյանը:

Բացի այդ, Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատան ներսում տեղադրված է քանդակ, որում եւս Մաշտոցը Կճոյանի դիմագծերով է: Այս հուշարձանը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը հեղինակել է դեռ 10 տարի առաջ եւ չի հասկանում իր այդ ստեղծագործության շուրջ Կճոյանի անձի պատճառով մամուլի բարձրացած աղմուկը - ասաց արվեստագետը:

«Այդ քանդակի մտահղացումը կար դեռ Գարեգին Ա կաթողիկոսի ժամանակներից։ Նա ինձ պատվիրեց նմանատիպ մի գործ ստեղծել եւ քանի որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այն ժամանակ Արագածոտնի թեմի առաջնորդն էր ու նրա դիմագծերի մեջ ես տեսա ինձ ոգեշնչած հայկական առնականությունը, որոշեցի Մեսրոպ Մաշտոցի քանդակը պատկերել հենց նրա դիմագծերով։ Գիպսե քանդակում Սահակ Պարթեւ կաթողիկոսին պատկերեցի Գարեգին Ա կաթողիկոսի դեմքով, իսկ ահա Վռամշապուհ արքային՝ մեր բակում ապրող մի շատ լավ երիտասարդի դիմագծերով։ Այնպես որ, բոլոր կերպարների համար էլ իրական դեմքեր եմ վերցրել։ Հետո որոշեցինք գիպսե քանդակը բրոնզից ձուլել, սակայն որոշումն անհետեւանք մնաց։ Հիմա չեմ կարող հասկանալ, թե խնդիրն ինչո՞ւմն է, անընդհատ զանգում են ինձ, Կճոյան, հա Կճոյան։ Եթե նրա հետ կապված խնդիրներ կան, ես ի՞նչ կապ ունեմ»,- ասաց քանդակագործ Թոքմաջյանը:

«Այստեղ ուրիշ խնդիր կա. Կճոյանը թանկարժեք մեքենա է վարում, իբրեւ այդ մեքենան եւ Մեսրոպ Մաշտոցն իրար չեն բռնում: Հա կարող է չեն բռնում, բայց հո Կճոյանը Մեսրոպ Մաշտոցը չէ՞»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը՝ ավելացնելով, որ Գարեգին Ա կաթողիկոսի մահից հետո դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի առանձին տուֆե քանդակի համար իրեն տարիներ առաջ վճարել է հենց Կճոյանը։

Հարցին, թե դպրատանը տեղադրված արքեպիսկոպոս Կճոյանի կիսանդրի՞ն էլ 10 տարվա վաղեմություն ունի, արվեստագետն ասաց. «Այո, դա այն ժամանակ էր, երբ նա Արագածոտնի թեմի առաջնորդն էր»։

Նշենք, որ համաձայն մամուլի հրապարակումների՝ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը տեղադրված է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կիսանդրին: Մեկ այլ քանադկում արքեպիսկոպոսը «մարմնավորում է» Մաշտոցին եւ կանգնած է Տրդատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի կողքին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites