Mar 24, 2011

«Առավոտ». Գյումրիում բժիշկ են կալանավորել

Պաշտոնեական դիրքն օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, խոշոր չափի կաշառք վերցնելու եւ յուրացնելու մեղադրանքով նախորդ օրը կալանավորվել է Գյումրու Է. Մատեյի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանը: Տիկնոջ դեմ Շիրակի մարզի քննչական բաժնում թեեւ նյութեր էին նախապատրաստվում դեռեւս 2010 թվականի սեպտեմբերից, սակայն մեղադրանք է առաջադրվել նույն թվականի դեկտեմբերի 15-ին`Քերական օրենսգրքի 3 ծանր հոդվածներով` 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է` խոշոր չափի կաշառք վերցնելը, 179 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում կատարելը: Նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, սակայն Տաթեւիկ Փանոսյանի սիրտն այնքան է վատացել, որ նրան անմիջապես տեղափոխել են Գյումրու մարզային հիվանդանոց: Այժմ բժշկուհին գտնվում է վերահսկողության տակ:

Թերթը դեռեւս անցյալ տարի գրել էր, որ իտալական պոլիկլինիկայի տնօրենի հարցերով զբաղված է Ազգային անվտանգության ծառայությունը, պատճառն այն է, որ պոլիկլինիկայի նախկին բուժաշխատողներից մեկը բողոք է ներկայացրել տնօրենի դեմ` դժգոհելով, որ թեեւ Տաթեւիկ Փանոսյանը իրենից «հախ» է վերցրել աշխատանքից չազատելու համար, սակայն խոստումը չի կատարել: «Մեր աղբյուրների հաղորդմամբ, ԱԱԾ-ն հետաքրքրված է եղել նաեւ պոլիկլինիկայի ներսում կատարվող դրամահավաքությամբ, մասնավորապես այն փաստով, որ տնօրենը բուժաշխատողներից 500-ական դրամ է հավաքել բուժհաստատության ներսում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար»,-գրում է «Առավոտը»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites