Mar 3, 2011

Երևանյան դելֆինարիումի դելֆիններն իրենց արտակարգ լավ են զգում


Երևանյան «Նեմո» դելֆինարիումի 4 դելֆինները եւ 2 ծովափոկերը իրենց արտակարգ լավ են զգում, լուրերը, թե ջրավազանի քլորի չափաբաժինը վնասում է նրանց առողջությանը՝ ազդելով հատկապես կենդանիների տեսողության վրա, իրականությանը չի համապատասխանում-ասաց դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը։
Նրա խոսքով, կենդանիներն իրենց վատ չեն կարող զգալ այն պարզ պատճառով, որ նրանցով Ուկրաինայից ժամանած փորձառու մասնագետներ են զբաղվում։ «Այնպես որ, ջրավազանի ջրի և կենդանիների որպիսության մասին չարժե անհանգստանալ»,-հավաստիացրեց դելֆինարիումի տնօրենը։
Հարցին, թե օրվա կտրվածքով որքա՞ն գումար է պահանջվում կենդանիներից յուրաքանչյուրի խնամքը կազմակերպելու համար (սննդի, անհրաժեշտ դեղամիջոցների եւ այլնի համար), Լիլիթ Սահակյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ դելֆիններից յուրաքանչյուրին կերակրելու համար օրական 15 կիլոգրամ օվկիանոսային ձուկ է պահանջվում։ «Ընդ որում, անպայման օվկիանոսային, քանի որ Սեւանի ձկնատեսակներով դելֆիններին չի կարելի կերակրել»,- շեշտեց նա։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե քանի տարեկան են երևանյան դելֆինարիումի դելֆինները եւ առհասարակ, մինչև քանի տարեկանը կարող են ծովային այդ կենդանիները մասնակցել շոու-ծրագրերին։ «Մեր դելֆինները՝ Վաչիկն ու Մաշան, Հրաչիկն ու Դաշան, 4 եւ 5 տարեկան են։ Դելֆիններն առհասարակ զվարճալի ծրագրերում կարող են ներգրաված լինել մինչև իրենց կյանքի վերջին  տարիները»,- վստահեցրեց նա։
Հարցին, թե  նորմայի սահմաններո՞ւմ է արդյոք կենդանիներին օրական երեք անգամ ներկայացումների մեջ ներգրավելը, Սահակյանը դրական պատասխան տվեց, նշելով, որ ինքն ինտերնետից տեղեկացել է, որ դելֆինները կարող են աշխատել մինչեւ անգամ օրական  4-5 շոու-ծրագրերում։
Նշենք, որ Երևանյան «Նեմո» դելֆինարիումը գործում է արդեն մի քանի ամիս։ Դրա բացմանն ի սկզբանե դեմ էին հատկապես բնապահպանները եւ կենդանասերները, ովքեր պնդում էին, որ դելֆիններն ու ծովափոկերը չեն կարող ապրել հայաստանյան բնակլիմայական պայմաններում: Նրանք նաև նշում էին, որ Կոմիտասի այգում դելֆինարիումի կառուցումը կարող է հանգեցնել լայնամասշտաբ ծառահատումների։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites