Mar 19, 2011

Հայաստանում հեղաշրջում չի լինի, քանի որ չկա «կրիտիկական մասսա». ՀՀԿ

Հայ ազգային կոնգրեսի կողմից կատարվող քայլերի եւ կոչերի մեջ կառուցողական տարրեր են նկատվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 19-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նա հայտարարեց, որ թեեւ համամիտ չէ ՀԱԿ վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հարցադրումների հետ, սակայն նկատել է, որ ընդդիմությունն ավելի կառուցողական մոտեցումներով է հանդես գալիս։

«Եթե իրատեսական լինեն հարցադրումները, կարելի է ողջունել, իսկ երբ ծայրահեղ են հարցադրումները, բնականաբար, դրանք ոչ ոք չի կարող ընդունել։ Եթե այսօր ՀԱԿ–ը որոշել է որպես կառուցողական ընդդիմություն հանդես գալ եւ ոչ թե ամեն ինչ հերքելու ու բնաջնջելու ճանապարհով գնալ, ընդամենը ես ողջունում եմ»,–ընդգծեց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը: Սա, սակայն, չի նշանակում, որ իշխանությունը պատրաստ է գնալ երկխոսության ընդդիմության հետ: «Դեռեւս վաղ է խոսել երկխոսության մասին»,-նկատեց Մինասյանը:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե Հայաստանում եւս հնարավոր են եգիպտական եւ թունիսյան սցենարների կրկնություն, պատգամավորը նշեց, որ Հայաստանում հեղափոխության կամ հեղաշրջման հեռանկարներ նկատելի չեն: «Այսօր երկրում չեմ տեսնում «կրիտիկական մասսա, կրիտիկական պահ, որը կբերի հեղաշրջման։ Միաժամանակ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»,-նկատեց բանախոսը։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites