Mar 15, 2011

Ամերիկահայերը Հայաստանի անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումների շարք են սկսել

Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների շարք է մեկնարկել ԱՄՆ-ում: Առաջին համայնքային միջոցառումները կայացել են Բոսթոնում (մարտի 11-ին) Նյու Ջերսիում (մարտի 12-ին) եւ Վաշինգթոնում (մարտի 13-ին), որոնք ուղեկցվել են տոնական համերգներով:

Նյու Ջերսիում կազմակերպված տոնական երեկոյի ընթացքում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը, ով, նշել է, որ այսօր Հայաստանը բռնել է վերելքի ու զարգացման ճանապարհը` չնայած իր հարեւանների կողմից շարունակվող անօրինական շրջափակմանը, Արցախի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտումներին ու ահաբեկչական սադրիչ գործողություններին, որոնք չեն կարող Հայաստանին շեղել իրավական պետության ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված իր նպատակներից:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում կազմակերպված բազմամարդ միջոցառմանը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը ընդգծեց, որ մեր ազգային միասնությունը, Հայաստանի անկախ պետականության շուրջ ողջ ազգի համախմբվածությանը լավագույն երաշխիքն են հասնելու մեր ազգային իղձերի իրականացմանը:

Հանդիսավոր մասից հետո շնորհաշատ հայ երիտասարդ երաժիշտները (Element Band) հանդես են եկել հայկական ժողովրդական երգերի իրենց ուրույն մեկնաբանությամբ` երգերին հաղորդելով ժամանակակից շունչ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites