Mar 2, 2011

Շինարարությունն առողջանում է

Հայաստանի շինարարության ոլորտը, որն անցած տարվա ՀՆԱ-ում ունեցել է 16,9% մասնաբաժին, գրեթե այնքան, որքան գյուղատնտեսությունը, կարծես սկսել է վերականգնվել նախորդ երկու տարվա անկումից հետո։ 2010թ. հունվարի համեմատ՝ այս տարվա հունվարին ոլորտում արձանագրվել է 0,9% աճ: Աճը մեծ չէ, բայց կարևոր է, թե ինչ կառուցվածքային փոփոխությունների հիման վրա է տեղի ունեցել։ Եթե անցած տարվա հունվարին իրականացված շինարարության շուրջ 50%-ը ֆինանսավորվել է միջազգային վարկերից, ապա այս տարվա հունվարին միջազգային վարկերի հաշվին կատարված շինարարության ծավալներն ընդհանուրի մեջ կազմել են ընդամենը 8%։ Միջազգային վարկերի շնորհիվ շինարարության ոլորտը հնարավորություն ունի արձանագրել առաջընթաց ոչ թե երկարաժամկետ հատվածում, այլ մեկ-երկու տարվա կտրվածքով։ Շինարարության երկարաժամկետ աճի համար լավագույն ֆինանսական աղբյուրներ հանդիսանում են կազմակերպությունների և բնակչության միջոցները։
Կազմակերպության միջոցները հիմնականում ուղղվում են արտադրական նշանակության շինությունների կառուցման և վերանորոգման, ինչպես նաև բնակարաշինության ոլորտներ։
Ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ այս տարվա հունվարին իրականացված շինարարության 67,2%-ը կատարվել է կազմակերպությունների միջոցներով, իսկ 14,4%-ը՝ բնակչության։ Անցած տարվա հունվարին կազմակերպությունների հաշվին իրականացվել է շինարարության միայն 30,8%-ը, իսկ բնակչության միջոցների հաշվին՝ 9,6%-ը։ Այս տարի նվազել են նաև պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները։ Եթե անցած տարվա հունվարին շինարարության ֆինանսավորման 11,5%-ը բաժին է ընկել պետբյուջեի միջոցներին, ապա այս տարվա հունվարին պետբյուջեի միջոցներով կատարվել են 7,2% շինարարական աշխատանքներ։ Փաստացի շինարարության ոլորտում ճգնաժամի հետևանքով տեղի է ունեցել կառուցվածքային լուրջ փոփոխություն։
Նախաճգնաժամային 2008թ. շինարարության 79,2%-ն իրականացվել էր բնակչության միջոցների հաշվին, իսկ 12,7%-ը՝ կազմակերպությունների։ Բնակչության միջոցներով իրականացվող շինարարության տեսակարար կշռի նվազումը կրճատում է մասնավոր տրանսֆերտներից շինոլորտի կախվածությունը։ Հայաստանի շինոլորտի խնդիրը ճգնաժամային 2009թ. ի հայտ եկավ հենց մասնավոր տրանսֆերտների ծավալների շուրջ 30% նվազումից։
Այս տարի շինոլորտում կառուցվածքային փոփոխությունը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել տարվա կտրվածքով ոլորտի աճի համար։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը 2011թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում կանխատեսել է, որ շինարարության ոլորտում, չնայած աճի տեմպերի որոշակի արագացմանը, ճյուղի ավելացված արժեքի իրական աճը դեռևս մնում է համեմատաբար փոքր` 2-4%: Ըստ ԿԲ-ի՝ բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների էական փոփոխություններ չեն ակնկալվում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites