Mar 14, 2011

Հայ ազգային կոնգրեսը նախապատրաստվում է մարտի 17-ի հանրահավաքին

Հայ ազգային կոնգրեսն առայժմ չի հստակեցրել, թե ինչպես է գործելու, եթե Երեւանի քաղաքապետերանը մերժի Ազատության հրապարակում հանրահավաքների շարք անցկացնելու իրազեկումները: Ինչպես նշել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսում այդ հարցն առայժմ չի քննարկվել: «Երբ քննարկենք, որոշում կընդունենք»,- ասել է Մանուկյանը եւ հավելել, որ ներկայումս իրենք շրջում են մարզերով եւ պատրաստվում մարտի 17-ին ՀԱԿ-ի հանրահավաքին:

ՀԱԿ անդամը դեռ տեղյակ չէր քաղաքապետարանի` առավոտյան հրապարակած մերժման մասին:

ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, մեկնաբանելով քաղաքական որոշ ուժերի հայտարարությունները, թե ՀԱԿ-ը մեղմացրել է իր արմատական դիրքերը եւ 15 պահանջներում չկա նախագահի հրաժարականի վերջնագիր, ասաց. «Կարող եմ միայն արձանագրել, որ այդ հայտարարությունների հեղինակները կարդալ չգիտեն»:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է ընդդիմության իրազեկումները՝ մարտի 18-ից 29-ին հանրահավաքների շարք անցկացնել Ազատության հրապարակում: ՀԱԿ-ը դիմել էր 2011թ. մարտի 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին ժամը 16-23-ը Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնելու մասին։

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մարտի 11-ի եւ 12-ի որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը: Քաղաքապետարանը պատճառաբանել էր, թե մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի փետրվարի 23-ի, մարտի 2-ի որոշումներով ընդունվել են ի գիտություն։

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով առաջարկվել է իրազեկումների մեջ նշված հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթերի անցկացումն ընդունվել ի գիտություն։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites