Mar 21, 2011

Քաշքշուկ «Ժառանգության» պատգամավորների հետ

«Ժառանգություն» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված այն փաստի հետ, որ մարտի 20-ին Ազատության հրապարակում ոստիկանները քաշքշել են «Ժառանգության» պատգամավորներին եւ խլել նրանց ձեռքից հովանոցը:

«Մարտի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հայտարարված «Ծոմ Ազատության» բողոքի քաղաքացիական ակցիայի 6-րդ օրը, ժամը 18:00-ի սահմաններում Հովհաննիսյանին զորակցող քաղաքացիների նախաձեռնությամբ տեղադրվեց հովանոց` հացադուլի մեջ գտնվող “Ժառանգություն” կուսակցության առաջնորդին եղանակային փոփոխական պայմաններից պաշտպանելու նպատակով:

Մինչ այդ` ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանները մոտեցել են հովանոցը տեղադրող քաղաքացիներին ու «Ժառանգության» պատգամավորներին եւ հորդորել սպասել շուրջ կես ժամ: Ժամը 18:00-ին քաղաքացիները տեղադրել են հովանոցը, սակայն րոպեներ անց հովանոցի վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով եւ ոստիկանական համազգեստով 2 տասնյակից ավելի անձինք եւ հաշված վայրկյանների ընթացքում, առանց օրինական պահանջ ներկայացնելու, իրենց գործողության համար հիմք հանդիսացող հրամանը ներկայացնելու, ջարդել են հովանոցը:

Իրականացված վայրագ գործողության ընթացքում ոստիկանական խումբն իր ապօրինի գործողություններով վնասվածքներ է հասցրել եւ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառել «Ժառանգության» պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի եւ հովանոցը պաշտպանող այլ քաղաքացիների նկատմամբ: Չբավարարվելով իրականացված բռնարարքներով` սույն խումբը մինչեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի մոտ է քարշ տվել կոտրված եւ պատառոտված հովանոցը` երկաթյա ձողերի մեջ աքցանված ձեռքով Լարիսա Ալավերդյանի հետ միասին:

Կատարված հանցագործության մասին անմիջապես տեղեկացվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, միջազգային կառույցները եւ դեսպանատները, զանգվածային լրատվամիջոցները, Ոստիկանապետն ու նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ: Լարիսա Ալավերդյանի կողմից հանցագործության մասին հեռախոսով հաղորդում է տրվել նաեւ ոստիկանության բաժանմունք: Ժամը 18:00-ից սկսած պատգամավոր Ալավերդյանը երկաթյա մետաղաձողերի մեջ աքցանված ձեռքով նստած է ջարդված հովանոցի կողքը` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի դիմաց եւ հրաժարվում է հեռանալ այնտեղից, քանի դեռ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները բացատրություն եւ պարզաբանում չեն տվել, թե ում եւ ինչ հրամանի հիման վրա է իրականացվել այդ հանցագործությունը Սահմանադրությամբ եւ օրենքներով չարգելված քաղաքացիների իրավունքների իրացման դեմ:

«Ժառանգություն» կուսակցությունը Հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ դատախազությունից եւ Ոստիկանությունից պահանջում է սույնը դիտարկել իբրեւ հաղորդում հանցագործության մասին, հարուցել քրեական գործ եւ իրականացնել քննություն:

Հիշեցնենք, որ մինչ այս` հացադուլի նախորդած 5 օրերի ընթացքում Ազատության հրապարակի հարակից տարածքում բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա համակիրների շուրջօրյա հսկողությունն իրականացնող մի քանի տասնյակ ոստիկաններ օրեր շարունակ արգելել էին հացադուլի մեջ գտնվող Ր.Հովհաննիսյանի տարրական հանգիստն ապահովելու նպատակով վրանի տեղադրումը հրապարակին հարակից գազոնի տարածքում` այդ արգելքի համար չներկայացնելով որեւէ իրավական հիմնավորում»,- ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites