Mar 28, 2011

Հանրապետականն ի՞նչ կապ ունի հղիների հետ. Բանավիճում են ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը»

Իշխանությունը, չցանկանալով երկրում նորմալ ընտրություններ կազմակերպել, չի ընդունում «Ժառանգության» առաջարկները ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 28-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա մատնանշեց, «Ժառանգության» գնահատմամբ, կարեւոր երկու առաջարկ` ընտրություններից հետո հրապարակել ընտրացուցակները, եւ տեսանկարահանել քվեարկության գործընթացը եւ ընտրատարածքը:

«Սակայն իշխանությունը մեր առաջարկները մերժեց շատ պրիմիտիվ հիմնավորումներով: Մեկ, որ ընտրացուցակների հրապարակումով ընտրության գաղտնիությունը խախտվում է, քանի որ մարդու ստորագրությունը հրապարակային է դառնում: Իսկ ինչ վերաբերում է տեսանկարահանմանը, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե մարդիկ կմտածեն, թե ի՞նչ շոր հագնեն ընտրության գնալիս: Այսքան պարզունակ բան կարելի՞ է ասել»,-նկատեց Բախշյանը:

Նրա հետ բանավիճող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ, չընդունեց հասցեագրված մեղադրանքն ու ասաց, թե ընդդիմությունը բոյկոտել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները` փոխանակ գար եւ իր առաջարկությունները պնդեր:

Անահիտ Բախշյանն էլ ի պատասխան ասաց, որ չկա մի ոլորտ, որի վերաբերյալ «Ժառանգությունը» առաջարկներ ներկայացնի, եւ դրանք չարհամարհվեն իշխանության կողմից: «Ժառանգության» պատգամավորը մատնանշեց առողջապահության, բնապահպանության ոլորտին վերաբերող, ինչպես նաեւ հղիության նպաստի կրճատման վերաբերյալ օրինագծի վերաբերյալ «Ժառանգության» առաջարկները:

Կարինե Աճեմյանն ասաց, որ շատ մարդիկ օգտվում էին օրենքի բացից եւ կարողանում էին պետությունից գումարներ տանել` հղիներին բարձր աշխատավարձ նշանակելով, սական օրենքը լրամշակվեց եւ այդ բացը վերացվեց: «Դրանք նույն Հանրապետականի եւ «Բարգավաճի» մարդիկ չե՞ն, որոնք բարձր աշխատավարձով մարդիկ են ընդունում աշխատանքի»,-հակադարձեց Անահիտ Բախշյանը: «Ո~չ, Հանրապետականն ի՞նչ կապ ունի հղիների հետ»,-տարակուսեց Աճեմյանը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites