Mar 23, 2011

Կառավարությունը 200 տոննա գարու սերմացու է ներկրելու, որը կտրվի առավել աղքատ համայնքներին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 23-ին խորհրդակցություն է անցկացրել 2011թ. գարու արտադրության զարգացման ծրագրի վերաբերյալ եւ նշել, որ 2000 տոննա սերմացուն հանրապետություն է բերվելու ոչ միայն սերմնաբուծությունը զարգացնելու, այլեւ մի քանի հիմնական խնդիրներ լուծելու նպատակով: Այս մասին տեղեկանում են Կառավարության մամուլի ծառայությունից:

«Քննարկումների ժամանակ բազմիցս արձանագրվել է, որ մշակվող հողատարածքները կրճատվում են: Պետության այս ծրագիրը նպատակ ունի խրախուսել գյուղացիներին` այդ հողերը մշակելու հարցում»,-ասել է կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ այս օգնությունը առաջին հերթին պետք է հասնի առավել աղքատ համայնքներին, որտեղ կան սոցիալապես կարիքավոր մարդիկ:

Կարեւորելով հենց այդ թիրախային խմբին գարու սերմացուով ապահովելու հարցը, վարչապետը նշել է, որ չպետք է խաթարվի արդարության սկզբունքը:

«Հանրապետությունում գարու սերմացուի պահանջարկը 11 հազար տոննա է, մենք բերում ենք 2000 տոննա: Հասկանալի է, որ մենք բոլորին չենք կարող բավարարել, այլ միայն պահանջարկի 20 տոկոսը: Կարծում ենք` արդյունքում մի կողմից կունենանք աճ գյուղատնտեսության ոլորտում, մյուս կողմից էլ` մշակվող հողերի ավելացում»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ Տարածքային կառավարման նախարարությունն այսօր վարչապետին է ներկայացնելու Հայաստանի առավել կարիքավոր 200 համայնքերի ցուցակը: Այդ ցուցակները կտրվեն նաեւ մարզպետներին` բաշխում կատարելիս սերմացուն առաջին հերթին առավել աղքատ համայնքներին տալու համար:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ծրագիրը գտնվելու է իր անմիջական վերահսկողության ներքո:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites