Սյունիքի մարզում հաստատված եղանակային բարենպաստ եղանակներով պայմանավորված՝ «ՏաԹեւեր» ճոպանուղին մարտի 1-ից կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ ներառյալ հանգտյան օրերը։ Այս մասին ասաց «ՏաԹեւեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը՝ հիշեցնելով, որ ձմեռային ամիսներին ճոպանուղին աշխատել է միայն շաբաթ եւ կիրակի օրերին։
Տիգրան Ղազարյանի խոսքով, ամենօրյա աշխատանքանքային ռեժիմով գործելուց առաջ «ՏաԹեւեր» տեխնիկական վերազննման լուրջ գործընթաց է անցել։ «Ճոպանուղին տեխնիկապես գերազանց վիճակում է, դրա անվտանգության եւ մնացած բոլոր համակարգերը շահագործումից առաջ ստուգվում են ամեն օր, եւ առանց չափազանցության կարելի է ասել, որ «ՏաԹեւեր»-ը բոինգի անվտանգություն ունի»,- հավաստիացրեց նա՝ միաժամանակ ասվածի վկայություն համարելով այն հանգամանքը, որ գործարկման օրից ի վեր՝ ճոպանուղին ոչ մի անգամ չի խափանվել:
Ճոպանուղու կառավարիչը տեղեկացրեց, որ գործարկման պահից ի վեր (այսինքն՝ 2010 հոկտեմբերից) իրենք սպասարկել են շուրջ 10 հազար ուղեւորների, որոնցից 30 տոկոսը՝ արտասահմանցի զբոսաշրջիկների։ Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան զբոսաշրջային սեզոնի բացման կապակցությամբ, Ղազարյանը նկատեց, որ ակնկալիքները շատ մեծ են եւ հույսեր կան, որ այս տարի ճոպանուղին բավական մեծ թվով զբոսաշրջիկներ կընդունի։
«ՏաԹեւեր»-ի կառավարիչը հիշեցրեց նաեւ, որ ճոպանուղու միակողմ՝ Տաթեւ-Հալիձոր երթուղին արժե 2000, իսկ հետադարձ ուղղությունը ներառյալ՝ 3000 դրամ։ «Ընդ որում, հարակից գյուղական համայքների բնակիչները հնարավորություն ունեն օրվա մեջ մեկ անգամ ճոպանուղիով երթեւեկել անվճար։ Երկրորդ անգամից սկսած գյուղացիները, սակայն, պարտավոր են վճարել»,- ընդգծեց Ղազարյանը։