Mar 22, 2011

Ոստիկանություն. Արմավիր-Երեւան ճանապարհը փակած բողոքավորներից 5-ը բերման են ենթարկվել

Հայաստանի ոստիկանությունն անդրադարձել է երեկ՝ մարտի 21-ին արմավիրցիների կողմից Արմավիր-Երեւան ճամապարհը փակելու փաստին:

«Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարտի 21-ին ժամը 15:35-ին մի խումբ քաղաքացիներ Արմավիր-Երեւան ճանպարհի 3-րդ կմ-ին երկկողմանի փակել են ճանապարհը:

Պարզվել է, որ մարտի 20-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրված թեկնածու Սեւակ Մ.-ի համախոհները՝ մոտ 90 մարդ, իրենց ավտոմեքենաներով փակել են Արմավիր-Երեւան ավտոմայրուղու 3-րդ կմ-ի հատվածը` մոտ 1 ժամ խոչընդոտելով ավտոտրանսպորտի բնականոն երթեւեկությունը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերականգնվել է մայրուղու բնականոն երթեւեկությունը:

Նշված վայրից բերման է ենթակվել 5 մարդ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին»,- ասված է ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ թեժ ընտրությունների արդյունքում Արմավիրի քաղաքապետ է վերընտրվել գործող քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանը:

Վերջինս լարված պայքարի արդյուքում հազար ձայնով պարտության է մատնել իր մրցակից ավագանու խորհրդի անդամ անկուսակցական Սեւակ Մինասյանին:

Եղել են նաեւ այլ թեկնածուներ՝ անկուսակցական Առնակ Գեւորգյանն ու Կարեն Վարդանյանը, սակայն պայքարը գործող քաղաքապետի ու ավագանու անդամի միջեւ է եղել:

Ցուցարարները հայտնել են, որ իրենք բողոքում են անարդար ընտրությունների դեմ եւ պահանջում անվավեր ճանաչել Խլղաթյանի հաղթանակը: Նրանց հավաստմամբ, Ռուբեն Խլղաթյանը վերանվաճել է քաղաքապետի աթոռը բազմաթիվ ընտրախախտումներով ու կեղծիքներով, որոնց մասին թեեւ իրենք հայտնել են Ոստիկանությանը, սակայն ոստիկանությունը չի արձագանքել: Ի դեպ, ըստ արմավիրցիների, վերընտրված քաղաքապետը ՀՀԿ-ական գործարար պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի եւ Սամվել Ալեքսանյանի հովանավորյալն է:

Ի վերջո, ոստիկանությունը բռնությամբ ու քաշքշելով հրել են ցուցարարներին եւ բացել ճանապարհը: Ըստ ականատեսների, մի քանի մարդու բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites