Mar 18, 2011

Ինչպե՞ս իրեն կպահի ԱԺ-ն, եթե դատախազը «Ժառանգության» պատգամավորների հարցով միջնորդություն ներկայացնի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը խուսափել է կարծիք հայտնել, թե ինչպես իրեն կպահի ԱԺ-ն, եթե գլխավոր դատախազը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի մասով:

«Ազգային ժողովը դա բազմաթիվ կուսակցություններից եւ պատգամավորներից բաղկացած մարմին է: Դա մեկ կոճակ չէ, այլ 131 կոճակ է: Եթե որեւէ խնդիր կա, որի շուրջ պետք է հետաքննություն կատարվի, օրենքը թույլ է տալիս, որ տեղում` ԱԺ-ում այդ հետաքննությունը կատարվի»,-հայտարարեց Սահակյանը: Նա նաեւ հավելեց, որ երբ տեղի ունեցավ հայտնի միջադեպը «Ժառանգության» եւ ոստիկանների միջեւ, ինքը հանդես եկավ հայտարարությամբ եւ նշեց, որ պետք է պատշաճ վերաբերմունք ցուցաբերել պատգամավորների նկատմամբ, քանի որ նրանցից յուրաքանչյուրի հետեւում ժողովուրդ է կանգնած:

«Այդ պատշաճությունը անհրաժեշտ է մեր ազգի եւ պետության համար: Մենք պիտի կարողանանք որոշակի մշակույթ ունենալ փոխհարաբերությունների առումով: Բոլորը գիտեն, թե իրենց հարեւանի, ծնողի հետ ոնց պիտի վերաբերվեն: Օրենսդրական դաշտը պիտի այնպիսին լինի, որ սահմանվի պետական պաշտոնյայի, չինովնիկի հետ վերաբերմունքը»,-հայտարարել է ՀՀԿ խմբակիության ղեկավարը:

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2011թ. մարտի 4-ին ՀՀ քր. օր-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել` 2011թ. մարտի 3-ին Հանրապետության հրապարակի տարածքում փողոցային առևտուրն արգելելու որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտելու եւ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Միաժամանակ ՀՔԾ հարցաքննության հրավիրելու մասին Արմեն Մարտիրոսյանին եւ Զարուհի Փոստանջյանին մարտի 12-ին պաշտոնական ծանուցագրեր է ուղարկել, որոնցում, սակայն, պահպանված չի եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածի համապատասխան դրույթը, համաձայն որի` ծանուցագրում պարտադիր պետք է նշվի հարցաքննության կանչվողի կարգավիճակը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites