Mar 15, 2011

Մեքենաների հայաստանյան երկրորդային շուկայի վրա Ճապոնիայի երկրաշարժը ազդեցություն չի թողնի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը եւ հաջորդած ցունամին էական ազդեցություն չեն թողնի այդ երկրի մեքենաների երկրորդային շուկայի վրա։ Այս մասին նշեց Ճապոնիայից Հայաստան երկրորդային շուկայից մեքենաների ներկրմամբ զբաղվող Հենրի Մամյանը՝ ավելացնելով, որ ճապոնական մեքենաների վաճառքի աճուրդներում շաբաթական 50 հազար մեքենա է գրանցվում, որոնցից նույն ժամանակահատվածում 10 հազարը վաճառվում է։ «Նախ բացառվում է, որ Ճապոնիան թույլատրի ռադիացիայի ենթարկված մեքենաների արտահանումը, դրանք պարզապես կվաճառվեն հենց Ճապոնիայում, որպես մետաղի ջարդոն։ Այդ երկրում ընդհանրապես մետաղը շատ թանկ արժե, եւ ջարդոնի համար պիտանի մեքենաների մասնագիտացված խոշոր աճուրդներ են գործում, որոնք էլ երկրարշարժից ու ցունամիից վնասված մեքենաները կգնեն»,-ասաց Մամյանը։

Ըստ նրա, բացի վերոնշյալ հանգամանքներից, էկոլոգիական աղետի պատճառով անպիտան դարձած մեքենաների արտահանման սերտիֆիկատ չի տրվի Ճապոնիայի կառավարության կողմից։ «Այդ երկրում չափազանց խիստ են վերաբերում անորակ ապրանքի արտահանմանը, որը վերաբերում է նաեւ մեքենաներին: Եթե մեքենան չի համապատասխանում արտահանման պահանջներին, ապա այն արտահանման փաստաթուղթ չի ստանա։ Դա գործում է այն դեպքում նույնիսկ, եթե տեսականորեն մեքենան որոշակի նորոգումից հետո հնարավոր է օգտագործել: Ճապոնիայի կառավարությունը սահմանել է նորմեր, ըստ որոնց չի թույլատրվում վթարված մեքենան արտահանել, որովհետեւ հետագայում հնարավոր է անսարքության պատճառով այն վնասի վարորդին, այդ պատճառով, կարծում եմ, որ ռադիացիոն գոտում գտնված մեքենաների արտահանումը բացառվում է»,-նշեց գործարարը։

Անդրադառնալով Ճապոնիայի երկրաշարժի մեքենաների հայկական շուկայի վրա հնարավոր ազդեցության հարցին՝ Մամյանը նկատեց, որ այն գրեթե աննշան կլինի։ «Ճապոնիայից Հայաստան շատ քիչ քանակության մեքենա է ներկրվում, բացի դրանից բոլորը չէ, որ ներկրում են հենց Միյագիից ու Տոկիոյից, որոնք ամենաշատն են տուժել այս դեպքում»,- նշեց ավտոներկրող գործարարը՝ ավելացնելով, որ նշված շրջաններից Հայաստան մեքենա ներկրողները հնարավոր է մի քանի ամիս դադարեցնեն ներկրումը, կամ ստիպված կլինեն նոր կապեր հաստատել Ճապոնիայի այլ շրջաններում գործող ավտոաճուրդների հետ։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites