Mar 31, 2011

Սերժ Սարգսյան. Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը ես եմ լինելու

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի օգտվել օդային տրանսպորտից, եւ դա սակարկման ենթակա չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ հետ համատեղ ասուլիսում` մեկնաբանելով Ադրբեջանի սպառնալիքները` «խփել Ստեփանակերտ մեկնող օդանավերը»:

Նախագահի խոսքով, ԼՂՀ եւ Հայաստանի իշխանությունները մտադիր են ջանքեր գործադրել, որ այդ հարցը համաձայնեցնեն միջազգային ատյանների հետ: Պետության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի: «Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարությանը, նորագույն պատմության ընթացքում սպառնալիքներ քիչ չեն եղել, բայց կա մեկ «բայց». նման սպառնալիքներ հնչեցրել են ահաբեկչական կազմակերպությունները եւ ոչ պետությունները: Նման սպառնալիքներ լսել պետությունից` մառազմ է, հիվանդ մարդկանց ելույթներ»,- ասել է նախագահը` հավելելով, որ Բաքվի նման արարքները մեկնաբանությունների կարիք չեն զգում: «Բայց ես հայտարարում եմ, որ առաջին չվերթի առաջին ուղեւորը լինելու եմ ես` Հայաստանի նախագահը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ակնկալվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել մայիսի 9-ից: Բաքվում հայտարարել են քաղաքացիական ինքնաթիռները խփելու մտադրության մասին, ինչը հակասում է միջազգային կոնվենցիաներին:

Հայաստանն ու Ադրբեջանը ICAO (International Civil Aviation Organization) կազմակերպության անդամ են, եւ պարտավորվել են երբեք չխփել քաղաքացիական ինքնաթիռներին:

«Նման սպառնալիքները չեն բխում այն սկզբունքներից, որոնք պետք է հաշվի առնի Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- օրերս նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites